Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Հովհաննավանքում կարգալույծ հռչակված հոգեւորական Ստեփան Ասատրյանը կրկին պատարագ մատուցեց։ Պատարագին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ կառավարության եւ Ազգային ժողովի մի շարք ներկայացուցիչներ։
Տարածքը գտնվում էր խիստ հսկողության տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը նույնպես տեղում էր եւ զրուցեց ներկաներից՝ այդ թվում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հետ։ Ներկայացնում ենք հարցուպատասխանը առանց մեկնաբանության։
-Պարո՛ն Պապոյան, կրկին Հովհաննավանքում եք՝ մասնակցելու պատարագին, որը մատուցում է կարգալույծ քահանա։ Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի այս փաստը։
-Իսկ ո՞վ է ասել, որ նա կարգալույծ է։
-Դա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշումն է։
-Ովքե՞ր են կարգալույծ արել, իրենք՝ կարգալույծ եղած մարդիկ։ Նրանցից ոմանք երեխաներ ունեն, բայց չպիտի ունենային։ Բարձրաստիճան հոգեւորականներ են, սակայն պատշաճ չեն պահել իրենց։
-Դուք երբեւէ մասնակցե՞լ եք պատարագի Մայր Աթոռում։
-Ո՛չ, չեմ մասնակցել։ Դա սրբապղծություն կհամարեի։
-Իսկ հիմա սրբապղծություն չէ՞, որ աշխարհիկ մարդը պատարագ է մատուցում։
-Նա աշխարհիկ մարդ չէ։ Հիմնավորում եմ հետեւյալով. թող ամաչեն նրանք, ովքեր խախտել են եկեղեցու կանոնագիրը, որտեղ հստակ գրված է՝ նրանք իրավունք չունեն երեխաներ ունենալու, սակայն ունեցել են։
-Այդ մասին նո՞ր եք հիշել։ Մինչ այդ լուսանկարվում էիք նույն հոգեւորականների հետ, ամեն ինչ լավ էր։ Ինչո՞ւ հանկարծ հիմա եք խոսում այդ մասին։ Ձեզ համար ընդունելի՞ է, որ Ստեփան Ասատրյանի հետ տարբեր աշխարհիկ մարդիկ ազատորեն մտնում ու դուրս են գալիս ավանդատնից։
-Ինձ համար ընդունելի չէ, որ մարդ կարող է սրբազան կոչվել, բայց խախտել կանոնագիրքը։
-Կրկնեմ հարցը՝ ընդունելի՞ է, որ աշխարհիկ մարդիկ անարգել ելումուտ ունեն սուրբ եկեղեցու ավանդատուն։
-Պատասխանս նույնն է։ Ես չգիտեմ՝ ով է մտել կամ չի մտել ավանդատուն։
-Պարո՛ն Պապոյան, կարծես եկեղեցին էլ է պառակտվել «սեւերի» ու «սպիտակների»։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր ենք գնում։ Եթե կարծում էիք, որ Կաթողիկոսը երդումը դրժել է, ինչո՞ւ այդ մասին չեք խոսել ավելի վաղ։
-Ես մինչ այդ չգիտեի։
-Այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից իմացաք եւ նո՞ր որոշեցիք քայլ անել։
-Այո՛, որտեղի՞ց պիտի իմանայի։
Զրուցեցին ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ,
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ























