Օրերս 186 դպրոցի` իրար դանակահարած սաները` Կարենն ու Հայկը, համադասարանցիներ են:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց դպրոցի տնօրենը` Մարինե Քոչարյանը, ում փոխանցմամբ` նախքան դեպքը, 14-ամյա տղաներն արդեն իսկ չպարզաբանած ընդհարումներ ունեցել են:
«Միջադեպի ժամանակ լուրջ հայհոյանքներ չեն եղել, ինչ որ երեխայական անհեթեթ բանի պատճառով են կռվել: Հիմա ծնողները չեն բողոքում, տղաներն ընդունել են իրենց մեղքը, իսկ Հայկի վիճակն արդեն լավ է, դանակահարությունից ոչ մի օրգան չի վնասվել: Կարենն էլ դասի չի գալիս` ծնողների հսկողության տակ է»,- նշեց դպրոցի տնօրենը:
Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ապրիլի 16-ին Նոր-Նորքի 8-րդ զանգվածի 186 դպրոցում դպրոցահասակների միջև դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով անչափահասներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, մյուսն էլ ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է դանակահարել:
Դպրոցի տնօրենը Armlur.am-ի հետ զրույցում ներկայացրեց միջադեպի ընդհանուր հանգամանքները` նշելով, որ դասերի ավարտից հետո, երբ Կարենը պատրաստվել է տուն գնալ, դպրոցից քիչ հեռու իրեն ավելի մեծահասակ և ոչ դպրոցական տղաներ են սպասել` թվով մոտ 10 հոգի:
Նրանց միջև վեճ է սկսվել, ինչը հանգեցրել է կռվի, ու ինքնապաշտպանության համար Կարենը գրպանից հանել է դանակն ու հարվածել Հայկին:
«Կարենի խոսքերով` ինքը դանակը ապահովության համար է պահել իր մոտ, քանի որ վտանգ է զգացել: Միջադեպից ոչ ոք հերոս դուրս չեկավ, հաղթողներ և պարտվողներ չեղան: Տղաները հիմա իրենց շատ մեղավոր են զգում»,- նշեց Քոչարյանը` հավելելով, որ տղաները դեպքից հետո դեռ չեն հանդիպել:
Տաթև Հարությունյան