ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոմիտեի խորհրդակցական մարմնի (կոլեգիայի) ընդլայնված նիստ։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ծառայողների աշխատանքի գնահատման կարգի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ներդնել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների գնահատման նոր մեխանիզմ՝ բալային համակարգի ձևաչափով։ Գնահատման նոր չափորոշիչների ներդրման նպատակն է՝ առավել ընդգրկուն արդյունավետություն հաղորդել համապատասխան ծառայողների գործունեությանը, պատասխանատվությանն ու վերջիններիս աշխատանքի որակին։
Նոր կարգի գործարկումը կնպաստի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատողների պարտականությունների պատշաճ կատարմանը, այդ ամենի արդյունքում վերջիններիս համակողմանի գնահատմանը, որի համատեքստում հնարավոր կլինի իրականացնել նաև հիմնավորված խրախուսում, բարձրացնել ծառայողական կարգապահությունը և աշխատանքի թափանցիկությունը։
Հարկ է նշել, որ ներդրվող ընթացակարգի հիմնական բաղադրիչ հանդիսացող չափորոշիչներով նախատեսվում է բացառապես նոր ու արդիական մոտեցումներ հաղորդել օպերատիվ-հետախուզական ծառայողների գործունեության գնահատմանն ու այդ ասպարեզում առանցքային դարձնել արդյունքահեն ցուցանիշների գերակայությունը։
Նիստի ընթացքում Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ նախագծի վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ կազմակերպելու, ներկայացվելիք առաջարկությունների շրջանակներում սեղմ ժամկետներում անհրաժեշտ վերլուծություններ և լրամշակումներ կատարելու վերաբերյալ։

























































































