Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի հոբելյանական երեկոն, որը նվիրված էր նրա ծննդյան 75-ամյակին։ «Այս երիտասարդը ծնվել է մեր ժանրի համար». այսպես էր ժամանակին արտիստին բնութագրել ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի կատակերգակ Կարպ Խաչվանքյանը։
Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանը շուրջ հինգ տասնամյակ մնացել է նույն բեմին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 1972 թվականից հանդիսանալով թատրոնի մշտական դերասան՝ նա ստեղծել է կերպարների մի ամբողջ պատկերասրահ, որոնցից շատերը դարձել են հանդիսատեսի սիրելի դերասանական աշխատանքներ։
Պեպանյանի անունը կապված է ոչ միայն բեմի, այլեւ կինոյի հետ. նա նկարահանվել է «Հայֆիլմ» եւ «Լենֆիլմ» կինոստուդիաներում, հանդես է եկել հեռուստաթատրոնում եւ վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար։ Նա թատրոնի առաջատար դերասաններից է, պարգեւատրվել է բազմաթիվ պետական եւ մասնագիտական մրցանակներով։
Բորիս Պեպանյանի խաղացած դերերի ցանկը բավական է՝ հասկանալու համար նրա բազմաժանր եւ համարձակ դերասանական աշխարհը։ Տարիների ընթացքում նա մարմնավորել է Բոնի («Սիլվա»), Արամ («Ամենափրկիչը»), Արթուրո Ուի («Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Դյուլա («Միայն քեզ եմ սիրում»), Հարրի («Իմ չքնաղ լեդի»), Սուրեն («Մեծ հարսանիք»), Բոշ («Կասկածը կնոջ սրտում»), Պեդրո («Լամանչեցի մարդը»), Արշակ Պարթեւ («Ախ, ներվեր, ներվեր»), Սիգոյան («Ես եմ, եկել եմ»), Հովիկ («Տաքսի, տաքսի»)։ Վերջին տարիներին նա հանդես է եկել նաեւ մի շարք նշանավոր դերերում՝ Թոդորոս («Պահանջվում է ստախոս»), Բրունո («Սեր մինչ ի մահ»), Դոմենիկո Սորիանի («Ֆիլումենա Մարտուրանո»), Թափառնիկոս («Ատամնաբույժն արեւելյան»), Քսանթոս («Եզոպոս»), Մալվոլիո («Տասներկուերորդ գիշեր») եւ Բոնի Քեշմեն («3+1=?»։ Վերջին դերը նրան բերեց «Տղամարդու դերի լավագույն կատարող» մրցանակ՝ Իրաքում կայացած միջազգային թատերական փառատոնում։
Հոբելյանական երեկոյի ընթացքում ցուցադրվեց դերասանի կենսագրությանը եւ ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմ։ Նրա գործընկերները բեմ բարձրացան երաժշտական եւ հումորային համարներով՝ ջերմ շնորհավորելով վաստակավոր արտիստին։
Բորիս Պեպանյանը թատերարվեստին մատուցած ծառայությունների եւ հոբելյանի առթիվ պարգեւատրվեց ՀՀ ԿԳՄՍ եւ ՀԹԳՄ Ոսկե մեդալներով։ Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը հոբելյարին հանձնեց նաեւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջին պատվո մեդալը, որը նորաստեղծ պարգեւ է։
Երեկոյի ավարտին Բորիս Պեպանյանը շնորհակալություն հայտնեց թատրոնի ղեկավարությանը, գործընկերներին եւ հանդիսատեսին՝ ընդգծելով, որ առանց հանդիսատեսի արտիստի կյանքն առ ոչինչ է։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































