Լուսանկարը՝ համացանցից
Առաջին տպավորությամբ այս կառույցի մուտքի վերնամասային հատվածը քաոսային է թվում, հետո ամեն բան տեղն է ընկնում:
ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:
Կարեն Մշեցյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:
Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով, կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող են փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, Կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կազմակերպության լուծարման դեպքում ինչ ժամկետում պետք է ներկայացնել հաշվետվությունները։
Սիրան Հովհաննեսյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հովհաննեսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1 հոդվածի համաձայն՝ հարկ վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո՝ մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը, հարկ վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո: Իսկ նույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրությունը բաղկացած է «Հարկերի մասին» օրենքից եւ առանձին հարկատեսակների մասին օրենքներից:



















































































