Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայուն էներգիայի բաժնի ղեկավար Դարիո Լիգուտիի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են շենքերի էներգաարդյունավետությանն ուղղված նախաձեռնությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մեկնարկել է էներգաարդյունավետության քաղաքաշինական նորմերը կատարելագործելու և ԵՄ ստանդարտներին մոտարկելու գործընթաց, միաժամանակ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում է շենքերի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրեր։ Նա ընդգծել է, որ նոր նախագծերում խրախուսվում է էներգաարդյունավետ նյութերի ու տեխնոլոգիաների կիրառումը՝ ներառյալ դպրոցաշինության պետական ծրագրերում արևային ֆոտովոլտային կայանների կառուցումը։
Դարիո Լիգուտին անդրադարձել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի նախաձեռնությամբ ներկայումս ընթացող զարգացման ծրագրերին, որոնք առնչվում են էներգաարդյունավետ շենքերից մինչև էներգաարդյունավետ քաղաքների ձևավորմանը և էլեկտրական տրանսպորտի զարգացմանը։ Նա ներկայացրել է թվային էներգաարդյունավետության նոր բիզնես մոդելներն ու վիրտուալ էներգետիկ ենթակառուցվածքների ստեղծման գաղափարը։
Կողմերը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գործընկերային կապերը կայուն էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում։

























































































