Armenian text to speach

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է: Հիշեցնելով նախագծի բովանդակությունը՝ հեղինակը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո այն լրամշակվել է ներկայացված առաջարկների հիման վրա:

Սահմանվում է, որ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական, օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը պացիենտի կյանքի ու առողջության համար իրական վտանգ է ստեղծել, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով առավելագույնը 100 ժամ տեւողությամբ կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Նախաձեռնությամբ նաեւ սահմանվում է, որ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական, օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ բռնություն գործադրելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 100-200 ժամ տեւողությամբ կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հեղինակի խոսքով բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաեւ ոչ մասնագիտական, օժանդակող գործունեությանը ցանկացած եղանակով խոչընդոտելը, որի արդյունքում պացիենտի առողջությանն անզգուշությամբ կպատճառվի ծանր կամ միջին ծանրության վնաս կամ պացիենտին անզգուշությամբ կպատճառվի մահ, անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխությունների ընդունումից հետ պետական այլ մարմիններում ծառայած եւ պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի կառնվի այդ մարմիններում տվյալ կոչումով կամ դասային աստիճանով ծառայության ժամկետը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Հեղինակի բացակայության հիմքով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի եւ կից օրինագծերի փաթեթի քննարկումը:




Լրահոս