ՀՅԴ-ում հաղթեց ընդդիմադիր թևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-20-ին դաշնակցական վերնախավն Աղվերանում փակ դռների հետևում ՀՅԴ Գերագույն ժողով էր անցկացնում: Հարյուրամյա կուսակցությունը «փակվել» էր՝ քննարկելու իր հետագա գործողությունները, ու ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց:

Թեև ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի տարբեր շրջանակներից տեղեկություններ էին տարածվում, որ ՀՅԴ-ն կհամաձայնվի Սերժ Սարգսյանի «ձեռքից» պաշտոններ վերցնել, անգամ նշվում էր, թե որպես չվարկաբեկված պաշտոնյաներ` Արծվիկ Մինասյանն ու Լևոն Մկրտչյանը նախարարների պորտֆելներ են ստանալու, սակայն ՀՅԴ-ի փակ ժողովի ժամանակ որոշվել է հրաժարվել այդ պորտֆելներից:

Ըստ տարածված տեղեկությունների՝ ԳՄ որոշման մեջ նշված է. «ՀՅ Դաշնակցությունը ձևակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթկետանոց փաթեթում:

Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից և մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետևողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին՚:

Այսպիսով`  ՀՅԴ-ում հաղթել է ընդդիմադիր թևը: Դա արտացոլվել է նաև կուսակցության Գերագույն մարմնի նոր կազմում. ՀՅԴ ԳՄ նոր անդամներ են դարձել ԱԺ-ի նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Սամվել Երանյանն ու Պետրոս Մեղրյանը: ԳՄ-ի անդամությունից հրաժարվել են արդեն նախկին ԳՄ-ականներ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը: Այդպիսով` նոր ԳՄ-ի կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, ինչպես նաև՝ Հրաչ Թադևոսյանը, Միքայել Մանուկյանը, Պետրոս Մեղրյանը, Արտաշես Նիկոյանը, Հովհաննես Թադևոսյանը, Վարդան Ալեքսանյանը, Սամվել Երանյանը   և Լիլիթ Գալստյանը:

Նշենք, որ Աղվերանից վերադառնալուց հետո ՀՅԴ-ականները Երևանում ԳՄ նոր կազմով նիստ են անցկացրել: Armlur.am-ը փորձեց ՀՅԴ-ականներից պարզել, թե իրենք ինչ են քննարկել 3 օր շարունակ և ինչ որոշման են հանգել: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք հանդես կգան ասուլիսով, իսկ Արտյուշա Շահբազյանը և Դավիթ Լոքյանը վստահեցրեցին, թե որևէ տեղեկություն չունեն:

Ինչևէ, ՀՅԴ-ի այս որոշման վրա լրջագույն ազդեցություն է ունեցել նաև սփյուռքի գործոնը: Բանն այն է, որ սփյուռքի ՀՅԴ-ականները դժգոհ են Սերժ Սարգսյանի իշխանությունից և չեն ցանկանում պատասխանատվություն կրել նրա գործած սխալների համար:

Այսօր՝ ժամը 14-ին, ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի կունենա ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը, որը կբացահայտի ՀՅԴ-ականների փակ ժողովի նպատակը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս