Երգիչ ՋՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ճանաչում ձեռք բերեց «Համազգային աստղ» նախագծից հետո: Իր խոսքերով` նախագիծն իրեն շատ բան տվեց, քանի որ 6 ամիս շարունակ նրանք ամեն օր փորձերի ու պարապմունքների մեջ էին, ամեն շաբաթ էլ ուղիղ եթերում կենդանի ձայնով համերգ էին ունենում: Մինչ այդ նախագիծն էլ երգում էր ռեստորաններում ու ակումբներում: «Սառույցը կոտրվեց,-նշեց երգիչն ու հավելեց,-նախագծից հետո սկսեցի ավելի անկաշկանդ շարժվել բեմի վրա»: Ջոնին ունի երաժշտական միջնակարգ կրթություն` ավարտել է ակորդեոնի բաժինը:
-Բավական էկզոտիկ անուն ունեք, դա Ձեր իրակա՞ն անունն է, թե՞ բեմական:
-Ջոնին իմ իսկական անունն է: Ես էլ եմ զարմացած այդ փաստի վրա: 30 տարի առաջ ծնողներս իմ անունը Ջոնի են դրել, այն էլ Ապարանում:
-Շատ երգիչներ, որոնք անցել են ռեստորանի ճանապարհը, ասում են, որ ամեն օր այնտեղ աշխատելը եւս դպրոց է:
-Ես կասեի` ավելի շատ պրակտիկա:
-Հիմնականում ռաբի՞ս եք երգում:
-Այո՛, ես դա չեմ ժխտում, այն, որ երգեցի «Հոգիս» երգը, դեռ չի նշանակում, որ ես էստրադային երգիչ եմ: Չգիտեմ` Դուք ռաբիս ասելով ինչ նկատի ունեք: Շատերը ռաբիսը որպես վատ բառ են օգտագործում` չհասկանալով դրա իմաստը:
-Ես գիտեմ, որ ռաբիս բառը ռուսերեն «ՐՈոՏփպպ ՌրՍցրրՑՉՏ» արտահայտության կրճատ ձեւն է:
-Ա՛յ հենց այդ արվեստի միջոցով էլ ռեստորաններում փող են աշխատել: Արեւելյան ոճի մեջ երգելն էլ են ռաբիս համարում: Եթե նկատել եք, ես այդպիսի բաներ չեմ երգում: Չեմ քննադատում երգողներին, բայց իմ երաժշտության մեջ վետերոկային երգեր չկան: Ես «Փարվանա»-ում էլ նմանատիպ երգեր չեմ երգում, ավելի շատ քաղաքային ֆոլկլոր: Չեմ էլ կարող այդ կլկլոցներով երգել, ինձ հոգեհարազատ չէ, չէր էլ ստացվի: Իմ մոտ ստացվում է այն, ինչ երգում եմ:
Մի բան եմ հասկացել այս տարիների ընթացքում: Այն մարդիկ, որոնք ամբողջ օրը եթերում քննադատում են այդ 6/8 կոչվածը, կարող եք գալ ու տեսնել, թե ինչպես են պարում այդ 6/8-ի տակ, ինչ քեֆ են անում: Չեմ ընդունում, երբ ասում են` դրանք արեւելյան ելեւէջներ են, թուրքերից ու ադրբեջանցիներից ենք վերցրել: Եկե՛ք մի հատ մեր պատմությունը նայենք ու տեսնենք, թե ինչ հսկա երաժիշտներ, լեգենդար մարդիկ ենք ունեցել, որ ամբողջ աշխարհին երաժշտություն ենք թելադրել: Այդ ինչպե՞ս դարձավ, որ մեզանից պակաս երաժշտական պատմություն ունեցող ազգից մենք ենգ գողանում: Ասեմ ավելին, «Փարվանա»-ն դեգուստատորի դեր տարավ: Այստեղ օրական հավաքվում է 1500-ից ավելի մարդ, մատուցում են տարբեր ոճի երաժշտություն, ու երբ բեմ են բարձրանում 6/8 երգող երգիչները, դու տեսնում ես, թե ինչպես են բոլորը սկսում պարել, հասկանում ես, որ այդ երաժշտությունը նստած է մեր երակների մեջ: Հնարավոր չէ ուրիշի երաժշտությունն այդքան սիրել: Էստրադան, ջազը մե՞րն է: Ես ինքս շատ սիրում ու լսում եմ ջազ, ու նորմալ է, որ քիչ մարդ է սիրում:
-Ուզում եք ասել, որ մեր ժողովրդի մեջ ա՞յդ երաժշտությունն է ավելի արմատավորված:
-Այո՛, շատ հնուց, մեր պապերից նստած է մեր մեջ: Խոսքս միայն 6/8-ի մասին չէ, նաեւ այն երաժշտության, որ անվանում են արեւելյան: Մեր գուսանական, աշուղական երգերի մեջ այդ ելեւէջները կան, որ շատ ավելի հին են, քան թուրքերինն ու ադրբեջանցիներինը: Մի հատ լսե՛ք գուսան Ջիվանի, աշուղ Շերամ, Մահուդի Գեւորգ կա, ով օրորոցային էր գրել, դամով երգ է` «Լադով դլո» է կոչվում: Ես այդ երգը երգել եմ ու չգիտեմ` ինչպես է հայտնվել Youtube-ում, եւ այդ երգի տակ մեկնաբանություններ են գրել. «Ա՛յ թուրքի լամուկներ, այդ ինչե՞ր եք երգում», բայց այդ գրողները չգիտեն, որ դա այն ժամանակվա օրորոցային երգերից է: Եթե Մահուդի Գեւորգն, ապարանցի լինելով, գրել է թուրքական երգ, ուրեմն թուրքերն Ապարա՞ն են մտել, բայց այդպիսի բան եղե՞լ է մեր պատմության մեջ: Ինքս դեմ եմ յուրաքանչյուր ոճի վատ երաժշտությանը: Բայց առանց հասկանալու երբեք կարծիք չեմ հայտնի:
-Դուք քիչ եք լինում եթերում, գրեթե չեք մասնակցում տարբեր միջոցառումների:
-Չեմ սիրում, երբ արվեստագետները գնում են մի հաղորդման հյուր ու սկսում պատմել իրենց ընտանեկան մթնոլորտի եւ առօրյայի մասին: Վստահ եմ, որ դա ոչ ոքի չի հետաքրքրում: Երաժիշտը պետք է գնա եթերի, երբ նա նոր բան ունի ասելու ու մատուցելու ժողովրդին:
-Իսկ ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք, երկա՞ր եք մնալու «Փարվանա»-ում:
-«Փարվանա»-ն իմ աշխատատեղն է, ի դեպ, երգում եմ միմիայն այնտեղ: Չնայած նպատակ չունեմ այնտեղ երկար աշխատելու: Ծրագրում ենք նոր ձայնասկավառակ բաց թողնել մինչեւ Նոր տարի: Ամեն ինչ պետք է իր հերթականությունն ունենա ու իր ժամանակին լինի: Դեռ ժամանակը չէ, որ ես ռեստորանից դուրս գամ: Հետագա անելիքներս պարզ կդառնան ձայնասկավառակը թողարկելուց ու արձագանքներից հետո:
Հ.Գ. Գուցե երգիչ Ջոնին, Ջիվանուն հիշատակելով, փորձում է հայ «աստղիկներին» պաշտպանել, բայց փաստ է, որ Ջիվանու ստեղծագործություններում հնարավոր չէ գտնել արեւելյան, թուրքա-արաբական կլկլոց կամ խաղիկներ: