ԱԺ նախկին պատգամավոր՝ «ՄԱՊ-ի Ալիկ» Ալեքսան Պետրոսյանի գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն։
«Հետքը» հրապարակել էր, որ փաստաթղթերը արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից։ Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձևական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով։ Այդ 14-ից մեկը «Trident Trust Group»-ն է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ), որտեղ այն կոչվում է «Trident Trust Company (B.V.I.) Limited»։ Ընդ որում, «Pandora Papers»-ի 11,9 մլն արտահոսած փաստաթղթերից ամենաշատը՝ 3,37 մլն-ը, բաժին է հասել հենց «Trident Trust»-ին։ Այդ փաստաթղթերը վերաբերում են 1970-2019 թթ․ ժամանակահատվածին։
«Հետքը» պարզել է, որ «Trident Trust»-ի հաճախորդներից է եղել նաև Ալեքսան Պետրոսյանը։
2008 թ. դեկտեմբերի 1-ին ԲՎԿ-ում հիմնադրվել է Պետրոսյանի «Tarasco Investment Ltd» ընկերությունը, որի նպատակը, ինչպես տեղեկանում ենք «Trident»-ի փաստաթղթերից, եղել է շվեյցարական «RBS Coutts Bank»-ում հաշվեհամար պահելը։ Այս բանկը, ի թիվս այլ ծառայությունների, զբաղվում էր նաև կապիտալի կառավարմամբ, և պատահական չէ, որ հիմնադրումից օրեր անց իբրև «Tarasco Investment Ltd»-ի «master client» (այն իրավաբանական կամ ֆիզիկական անձն է, որին հաշվետու է օֆշորային գործակալը տվյալ ընկերության գործերը վարելիս) նշվել է հենց շվեյցարական բանկը։
Ըստ իրավապահների՝ Պետրոսյանի «Tarasco Investment»-ը աջակցել է փողերի լվացմանը։
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ է ձեռք բերել Ա. Պետրոսյանի օֆշորային «Tarasco Investment Ltd»-ի և դրա շվեյցարական հաշիվների մասին։
Նշված քրեական գործը հարուցվել էր դեռ 2015-ի աշնանը, սակայն Պետրոսյանը դրանում ներգրավվել է 4 տարի անց միայն։ 2019-ի նոյեմբերին նա ձերբակալվել է, ապա դարձել գործով մեղադրյալ։ Նույն ամսում նախկին պատգամավորը կալանավորվել է, իսկ կալանք է դրվել նաև «ՄԱՊ» ՓԲԸ-ում նրան պատկանող 97% բաժնետոմսերի վրա։ 2019-ի դեկտեմբերին Պետրոսյանի մասով անջատվել է առանձին վարույթ, որն էլ օրեր անց մտել է դատարան։ 2020 թ. հունվարին դատարանը Պետրոսյանի կալանքը փոխարինել է գրավով։
2003-2017 թթ. ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որն առավել հայտնի է որպես «ՄԱՊ-ի Ալիկ», իր հայաստանյան բիզնեսին աջակցելու համար օֆշորային ընկերություններ է հիմնել այն ժամանակ, երբ պատգամավոր էր և բիզնեսով զբաղվելու իրավունք չուներ։ Բացի դրանից՝ Պետրոսյանը երբևէ չի հայտարարագրել իր օֆշորային ընկերությունները։
Ընդ որում, Գլխավոր դատախազությունը, որը երկու գործով դատարան է մտել ընդդեմ Ա. Պետրոսյանի, տեղյակ չէ, որ նախկին պատգամավորը օֆշորում ունեցել է մեկից ավելի ընկերություններ։
Դատական գործերից մեկը քրեական պատմություն է։ Գլխավոր դատախազությունը Ա. Պետրոսյանին մեղադրում էր այն բանում, որ նա օժանդակել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած կաշառքի գումարների լվանալուն է վերաբերում։
Պետրոսյանի դրվագը Արամ Հարությունյանին վերաբերող մեծ գործի մի մասն է, որն անջատվել է առանձին վարույթ, իսկ հետո հասել է դատարան։ Երևանի դատարանը, սակայն, անմեղ է ճանաչել նախկին պատգամավորին։ Դատարանի այս վճիռը Գլխավոր դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյան, որը մասնակի բավարարել է բողոքը, բայց ոչ թե ազատազրկման է դատապարտել Պետրոսյանին, այլ գործն ուղարկել է ստորին ատյան՝ նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Երկրորդ գործով, որը քաղաքացիական է և քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, Գլխավոր դատախազությունը պահանջում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի քանի միավոր գույք բռնագանձել Ալեքսան Պետրոսյանից և նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից։ Խոսքը գլխավորապես Արմավիրի մարզում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև բաժնետոմսերի ու դրամական միջոցների մասին է։
Ալեքսան Պետրոսյանը՝ «Պանդորայի փաստաթղթերում»
Ալեքսան Պետրոսյանի օֆշորային ընկերությունները հայտնաբերվել են «Pandora Papers» թղթապանակում։
Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (International Consortium of Investigative Journalists, ICIJ) և դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», 2021-ի հոկտեմբերից հրապարակում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»։
Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազար ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազար մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի և տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին։ 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբևէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաև ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք։
Քնար Մանուկյան





























