ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին armlur.am-ը խնդրեց անդրադառնալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումներին առնչվող հայտարարությանը`մասնավորապես նախագահը մատնանշել էր երեք հանգամանք, որոնց դեպքում միայն կարելի է սահմանադրությունը փոխել: Այդ 3 հանգամանքներն են` ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները: «Հետաքրքրիր է, որ Քոչարյանը մասամբ կրկնում է մոտ մեկ շաբաթ առաջ իմ կողմից հայտնած մտքերը»,- ասաց Հայրիկյանը:
Ըստ ԱԻՄ առաջնորդի` եթե ԵԽ-ի մասին ենք խոսում, նա կարող է իրեն թույլ տալ հորդորներ ուղղել Հայաստանին, եթե Հայաստանում կան մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը հակասող դրույթներ: «Իսկ եթե կան նման դրույթներ, նշանակում է` արդեն կա Քոչարյանի կողմից մատնանշված առաջին կետը` սահմանադրությունն անհամապատասխան է ժողովրդավարական նորմերին, որն էլ իր հերթին առաջ կբերի սահմանադրությունը փոխելու հասարակական սպասումների անհրաժեշտություն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Պրն. Հայրիկյանը հիշեցնում է` սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն լինում է այն դեպքում, երբ երկրում խախտվում են մարդու իրավունքները, և այդ խախտումները գործում են սահմանադրության թերության պատճառով:
Մեր զրուցակիցը հիշեցնում է իր առաջարկած բացարձակ ժողովրդավարության մոդելը, որը կիրառելու դեպքում Հայաստանից Եվրոպայի խորհուրդն ու եվրոպական կառույցները շատ բան կսովորեն. «Եթե ես խոսում եմ բացարձակ ժողովրդավարության մոդելի մասին, նշանակում է` սահմանադրությունը չի համապատասխանում ժողովրդավարական նորմերին, իսկ եթե Հայրիկյանն ու իր մտերիմները դա կարևորում են, նշանակում է` կա հասարակական պահանջ»:
-Այսինքն` դուք համակարծի՞ք եք նախագահի այն հայտարարությանը, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա:
-Եթե մեկը խոսում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության իր հիմնավորումների մասին և այդ հիմնավորումների առանցքում ընկած է մարդն իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավահասարության իրավունքով, բայց այդ փոփոխությունների հետևանքով քաղաքացու մասնակցությունը երկրի կառավարման գործընթացին պակասում է, արդյոք կարելի՞ է ասել, որ այդ նախաձեռնությունը համընկնում է իմ նախաձեռնության հետ:
Սերժ Սարգսյանի առաջարկած փոփոխությունների փաթեթը պակասեցնում է ժողովրդավարությունն առնվազն երկու անգամ, որը գիտականորեն հիմնավորել եմ:
Հայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակը 18-20 տոկոս է, իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո այդ տոկոսը կնվազի երկու անգամ, հետևաբար, Սերժ Սարգսյանի առաջարկն ամենևին կապ չունի իմ առաջարկի հետ: Այդ փոփոխություններն արվում են մեկ նպատակով` ավելի հեշտ կերպով վերահսկելու հասարակական գործընթացները և դրանք ենթակայեցնելու իրենց:
Սոնա Դավթյան