Վերջին մի քանի ամսում եկեղեցի-պետություն հակամարտության արդյունքում տուժածները շատ էին, սակայն պատասխանատվություն դեռեւս կրում են միայն հոգեւորականները։ Եվ հենց այս ֆոնին օրերս 1 ամսով կալանավորվեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ 68-ամյա Գեւորգ Ներսիսյանը, ապա վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը։
Թեեւ շատերը պնդեցին, որ այս ամենը սուտ մատնություն է, այնուամենայնիվ նրանց կալանավորելու որոշում կայացրեց Արման Բաբախանյանը՝ 7 ամիս առաջ Փարաքարում տեղի ունեցած կրակոցների գործը քննող դատավորը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությամբ, նախագահական նստավայրում 2025 թվականի ապրիլին հրամանագիր է ստորագրվել Արման Բաբախանյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, Բաբախանյանը աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, եւ 2024 թվականին ներկայացրել է հայտարարագիր աշխատանքային այդ կարգավիճակով։ Դատավորի օգնականի պաշտոնում ներկայացրած հայտարարագրում ո՛չ անշարժ գույք կա, ո՛չ տրանսպորտային միջոց։
Սրանց փոխարեն Բաբախանյանն ունի սեփականության իրավունքով իրեն չպատկանող, սակայն 90 օրից ավելի իր կողմից շահագործվող բնակարան Երեւանում։
Նույն սկզբունքով նա օգտվում է երկու ավտոմեքենայից՝ HYUNDAI եւ MERCEDES-BENZ մակնիշի։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդը 2024 թվականի հաշվետու տարում կազմել է խիստ համեստ՝ 377 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,5 հազար դոլար։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 4 մլն 538 հազար դրամ, որից 4 մլն 247 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Դատական դեպարտամենտից, իսկ 290 հազար դրամը՝ Երեւանի պետական համալսարանից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատեց, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել: Նա ամփոփեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, քննությունը ամեն ինչ կպարզի, եւ այլ բան չի կարող հայտնել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին երկու հոգի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
Այս սպանությունը խոր արմատներ ունի. ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Ախտոյանների եւ Գրիգորյանների հակասություններին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների՝ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը միայն խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։
Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է (ՔՊ-ական), իսկ եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը եւս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետեւել էր տեսախցիկներով՝ անգամ տեսանկարահանելով կատարվողը, թե ինչպես էին իր եւ Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այդ միջադեպի հետեւանքով սպանվեց Մհեր Ախտոյանի հարազատի որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք։
Նկատենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ Մհեր Ախտոյանը Հայաստանից հեռացել է: Ավելին՝ նրան անձամբ օդանավակայան է տարել ու ճանապարհել Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը. այս ամենը կասկածներն ավելի է խորացնում։
Չնայած Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե հենց ՔՊ-ական Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է իր շրջապատում մշտապես «տաք պահել» վրեժի թեման։ Սակայն իրավապահները այս հարցում դեռ լուռ են, քանի որ Մհեր Ախտոյանը Հայաստանում չէ։
Եթե ամփոփենք, պետք է շեշտել, որ բախումները, ըստ էության, տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջեւ. Մհեր Ախտոյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վալոդյա Գրիգորյանը առաջադրված էր «Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցությունների կողմից՝ ներկայացնելով ընդդիմադիր դաշտը։ Սա վենդետայի վարկածին տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն եւ նշանակություն։
Հավելենք, որ սպանությունից անցել է գրեթե 1,5 ամիս, սակայն իրավապահների հորդորով Մերձավանը լքել են եւ մինչ օրս համայնքում չեն ապրում գործով մեղադրյալների հարազատներ եւ Ախտոյանները, իսկ Մերձավանը շարունակում է մնալ իրավապահների հսկողության տակ՝ հնարավոր վենդետան կանխելու համար։
0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է՝ առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ։ Ըստ որոշման՝ կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։
Այս նոր «տնտեսական մոդելը», ինչպես կոչում են կուսակցության ներսում, բուռն դժգոհություն է առաջացրել հենց ՔՊ-ականների շրջանում։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ շատերն արտահայտել են բաց դժգոհություն՝ հարցնելով. «Ինչո՞ւ մենք՝ կուսակցության անդամներս, պետք է գումար վճարենք ցուցակում ընդգրկվելու համար, այդ գաղափարը ո՞ւմն է, եւ ինչո՞ւ պարտադիր է բոլորի համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ում նախաձեռնությունն է այս ֆինանսական պահանջը, եւ ինչ սկզբունքով կկազմակերպվի ցուցակում թեկնածուների հերթականությունը։ ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ցուցակում ներառելու համար կուսակցությունը կսահմանի առաջադրված անդամների հստակ քանակ (օրինակ՝ 300 հոգի), ովքեր պետք է վճարեն նախատեսված 500 հազար կամ 1,5 միլիոն դրամը, եւ ընտրություններից հետո, հավաքած արդյունքների հիման վրա, կձեւավորվի նրանց հերթականությունը։ Մանավազյանը հավելեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Կուսակցությունում կկայացվի քվեարկություն. ով ավելի բարձր ռեյտինգ կունենա՝ նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ցուցակում», – պարզաբանեց նա։
Ինչ վերաբերում է վճարի գաղափարի հեղինակին, պատգամավորը չցանկացավ անուն նշել՝ փոխանցելով, որ այն կոլեգիալ որոշում է։
Հիշեցնենք, որ մինչեւ իշխանություն դառնալը ՔՊ-ին անդամագրվելն անվճար էր, պատգամավորի թեկնածու առաջադրվելը՝ նույնպես։ Անդամավճարը կազմում էր ընդամենը 3 հազարից 10 հազար դրամ։ Այսօր, սակայն, կուսակցության ներսում նկատվում է մինչեւ 1,5 միլիոն դրամ «գնաճ»։
Ամփոփելով՝ ՔՊ-ում նոր կանոնները բոլորի սրտով չեն, բայց, ինչպես ասում են, իշխանության ճանապարհն այժմ ավելի թանկ է։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր կառույցների ղեկավարներ, ռեկտորներ, հիվանդանոցի տնօրեններ եւ այլք, դարձել են ցանցահենների (հաքերների) «հարձակման» թիրախը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարբեր պաշտոնյաների անուններով «Ուոթսափ» հավելվածում կեղծ հաշիվներ են բացվել, որոնց միջոցով ուղարկվում են գրություններ տարբեր անձանց: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ կեղծ էջերով նամակներ են ստանում տարբեր կառույցների աշխատակիցները. հիմնականում հարցերը գրվում են ռուսերեն, եւ երբ մարդիկ արձագանքում են, պարզվում է, որ դրանք տարբեր պաշտոնյաների լուսանկարներով կեղծ էջերից են:
Նշենք, որ այդ էջերով օգտագործվող հեռախոսահամարները հայկական են, ինչը մարդկանց մեջ վստահություն է ստեղծում, որ նրանք պատասխանեն եւ տվյալներ փոխանցեն:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները տեղյակ են խնդրից ու պարզել են, որ այդ հեռախոսահամարների տերերը եւս անակնկալ տեղեկանում են, որ իրենց համարաներից տարբեր անձինք հաղորդագրություններ են ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահներն այժմ փորձում են պարզել, թե որտեղից է այդ ցանցահենային գրոհն իրականացվում. բոլոր կառույցներում պաշտոնյաներին զգուշացվել է զգոն լինել:























