Armenian text to speach

«ՔՊ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԻՋԵԼ-ԲԱՐՁՐԱՑԵԼ Է». ՌՈՒԲԻՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակում զրուցել ենք Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Նրա հետ քննարկել ենք ԱԺ-Կառավարություն համագործակցության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի, ինչպես նաեւ քաղաքականության մեջ մնալու կամ հեռանալու վերբերյալ հարցեր։

 

-Պարո՛ն Ռուբինյան, տպավորություն է, որ Ազգային ժողովը կորցրել է իր անկախությունը գործադիրից եւ մշտապես ենթարկվում է գործադիր իշխանությանը։ Հասարակության շրջանում արմատացած է կարծիք, թե ԱԺ-ում հիմնականում «կոճակ սեղմողներ» են աշխատում։ Ինչպե՞ս եք տարանջատում այս երկու մարմինները, եւ համակարծի՞ք եք այդ դիրքորոշմանը։

-Դա սխալ պնդում է, եւ չեմ կարծում, որ հանրության շրջանում նման կարծիք կա։ Կարծում եմ՝ վերջին երկու գումարումների ընթացքում խորհրդարանը ցույց է տվել, որ ԱԺ-ն միշտ չէ, որ համաձայն է Կառավարության առաջարկների հետ։ Եղել են դեպքեր, երբ Կառավարության ներկայացրած նախագիծը չի ստացել Ազգային ժողովի հավանությունը։

-Պարո՛ն Ռուբինյան, Դուք հեղափոխությունից հետո ամենաբարձր պաշտոն զբաղեցրած անձանցից եք։ Այս տարիների ընթացքում նկատե՞լ եք, որ իշխանության վարկանիշը նվազել է։ 2018-ին նոր իշխանությունը բուռն ընդունվեց, թվում էր՝ ամեն բան պետք է զարգանա դրական ուղղությամբ, սակայն այդպես չեղավ։ Դրա մեջ մեղքի զգացում ունե՞ք։

-Ես կարծում եմ, որ հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը տարբեր փուլերում բարձրացել եւ նվազել է պարբերաբար։ Վերջին ժամանակահատվածում նույնպես այդպես է։ Ընդամենը մի քանի ամսից կլինեն ընտրություններ, եւ շուտով կերեւա՝ ով ինչպիսի վարկանիշ ունի։

-Պարո՛ն Ռուբինյան, լինելով իշխանության ներկայացուցիչ եւ բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչ, վերլուծե՞լ եք՝ ինչն է պատճառը, որ հեղափոխությունից հետո, ունենալով բարձր վարկանիշ, ՔՊ-ին չի հաջողվում համայնքներում ունենալ բավարար հաղթանակներ։

-Իհարկե վերլուծել ենք։ Պատասխանները տարբեր են՝ կախված համայնքներից։ Այնպես չէ, թե բոլոր համայնքներում չենք հաղթում։

-Պարո՛ն Ռուբինյան, Դուք կրթություն եք ստացել Լոնդոնում եւ Լեհաստանում, սակայն երբեմն Ազգային ժողովում Ձեր խոսույթում հնչում են կոշտ կամ վիրավորական արտահայտություններ, կարծես Ձեր ստացած եվրոպական, Արեւտյան կրթությունը Ձեզ այդքան էլ չի օգնում նման պահերին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Լոնդոնում եւ Լեհաստանում կրթություն են ստանում ոչ միայն արեւմտամետներ, այլ նաեւ աֆրիկացիներ ու ասիացիներ։ Այն, որ ես էլ եմ սովորել այնտեղ, չի նշանակում, թե արեւմտամետ եմ։ Ես երբեւիցե վիրավորական արտահայտություններ չեմ արել ընդդիմադիրների հասցեին։ Կոշտ քաղաքական խոսույթ, իհարկե, կիրառում եմ, եւ դա նորմալ է, եթե իրավիճակը թելադրում է։ Ամեն դեպքում իմ կոշտ խոսույթը երբեք չի անցնում բարեկրթության սահմանները։

-Պարո՛ն Ռուբինյան, երբ «Ֆեյսբուք»-ում գրառումներ եք անում Կաթողիկոսի կամ եկեղեցական գործիչների մասին, դա դուրս չէ՞ Ձեր ստացած կրթության սահմաններից։

-Ես երբեւիցե որեւէ մեկի անձնական հարաբերությունների մասին գրառում չեմ արել։

-Սակայն եղել են Կաթողիկոսի դուստր ունենալու եւ Արշակ սրբազանի վերաբերյալ անձնական բնույթի գրառումներ։

-Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ ես ընդամենը նշել եմ, որ ըստ եկեղեցու կանոնի՝ Կաթողիկոսը զավակ ունենալու իրավունք չունի։ Ես միայն դա եմ ասել եւ դիմել եմ ավազանի անունով իրեն (Կաթողիկոսին – խմբ.)։

-Պարո՛ն Ռուբինյան, եթե երբեւէ Նիկոլ Փաշինյանը որոշի հեռանալ քաղաքականությունից, Դուք ի՞նչ ճանապարհ կընտրեք։ Կգնա՞ք նրա հետեւից, թե՞ ձեր սեփական ուղին կշարունակեք։

-Ես քաղաքականությունից հեռանալու պլաններ չունեմ։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 




Լրահոս