Դավթաշենում սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Դավթաշեն վարչական շրջանի տարածքային կառույցի անդամ էր։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ միջադեպը ծագել է անձնական բնույթի հակասությունից, որն այնուհետեւ վերածվել է լարված իրավիճակի (Ըստ մեր տեղեկությունների՝ եղել է աղջկա հետ կապված հարց, վերջինիս նեղացնելու դեպքը ստեղծել է լարվածություն), ինչի հետեւանքով էլ հնչել է կրակոց, եւ սպանվել է 33-ամյա երիտասարդը։
ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերից անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երեւանի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի երրորդ թաղամասում տեղի է ունեցել վիճաբանություն։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ հրազենային վիրավորումով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Բացահայտման աշխատանքներին միացել են նաեւ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Երեւանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գեւորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Վերջինս ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սպանության գործով 30-ամյա երիտասարդը այժմ կալանավորված է։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 25-ին «Շամշյան.քոմ»-ը հայտնել էր կրակոցների մասին. «Այս գիշեր կրակոցներ են հնչել Դավթաշենի երրորդ թաղամասում։
Պարզվել է՝ վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք ստացած եւ մահացած տղամարդը 33-ամյա Շմավոն Աթոյանն է։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը, դեռեւս չպարզված հրազենից, 2 կրակոց է արձակել Շմավոն Ա.-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































