Armenian text to speach

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՇՈՒՏ Է ՏԵՂԱԴՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա ավարտին Երեւանում՝ հանրապետության հրապարակում տեղադրվելիք գլխավոր տոնածառը նորովի կներկայացվի. ամբողջությամբ կփոխարինվեն դրա ճյուղերն ու լուսավորությունը։ Քաղաքային իշխանությունները այս աշխատանքների համար նախատեսել են մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ Ինչպես նշվում է մամուլի հրապարակումներում, տեղեկությունը հաստատել է քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

 

Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի գործընթացը մեկնարկել է սովորականից շուտ. 2024 թվականին այն սկսվել էր նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

«Տոնածառի հիմնակմախքը լավ վիճակում է, սակայն ճյուղերը մասնակի մաշված են եւ ամբողջությամբ կփոխարինվեն։ Կթարմացվի նաեւ լուսավորությունը՝ լուսափնջերն ու լուսավորող վահանակները, որոնք ժողովուրդը «պուլտեր» է անվանում», – պարզաբանել է Արմեն Առաքելյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքներն այս տարի մեկնարկել են նախատեսվածից հինգ օր շուտ, որպեսզի ժամանակին ավարտեն կառուցվածքի մոնտաժն ու թարմացումը։ Նախքան նոր տարրերի տեղադրումը մասնագետները նախապես գնահատում են տոնածառի մետաղական կառուցվածքի՝ հիմնակմախքի վիճակը։ Կոնի հավաքումից հետո կսկսվի ճյուղերի ամրացումը, այնուհետեւ՝ խաղալիքների եւ ծաղկեշղթաների տեղադրումը։

Տոնածառի տեղադրման եւ ձեւավորման աշխատանքներն իրականացնում է քաղաքապետարանին ենթակա կոմունալ ծառայությունը, քանի որ գործընթացը պահանջում է հատուկ հմտություններ եւ տեխնիկա։ Քաղաքի ձեւավորման եւ տոնածառի ամբողջական տեղադրման աշխատանքները կտեւեն մոտ 45 օր։ Երթեւեկությանը չխանգարելու համար հիմնական աշխատանքները կատարվելու են գիշերային ժամերին՝ 23:00-ից հետո։

Ներկայիս տոնածառը Երեւան է բերվել Ռուսաստանից՝ դեռ 2018 թվականին։ Թե որտեղից են գնվելու նոր ճյուղերը, առայժմ հստակ չէ, սակայն հին իրերը նախատեսվում է օգտագործել մայրաքաղաքի վարչական շրջանների տոնածառերի ձեւավորման համար։ Ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեից, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվում է դեկտեմբերի կեսերին։

Պատասխանելով սոցիալական ցանցերում հնչող քննադատություններին, որոնք առնչվում են պատմական շենքերի վրա ամանորյա լուսավորության տեղադրմանը, Արմեն Առաքելյանը նշել է, որ միջամտությունները նվազագույն են եւ կատարվում են մասնագետների խիստ հսկողությամբ։

«Յուրաքանչյուր լուսափնջի ամրացման համար պահանջվում է ընդամենը մեկ անցք, որը հաճախ նոր չէ, այլ՝ նախկին տեղադրումներից մնացած։ Ապամոնտաժումից հետո անցքերը փակվում են հատուկ նյութերով՝ պահպանելով շենքերի ճակատամասերի ամբողջականությունն ու գեղագիտական տեսքը», – ընդգծել է նա։

Քաղաքապետարանը հավելել է, որ լուսային փնջերի տեղադրման համար օգտագործվում է թեթեւ մետաղական կառուցվածք, որը պատերի վրա ամրացվում է ընդամենը 3-5 կետերում։ Տոնական օրերին դրանք կրում են լուսային շղթաները, իսկ ապամոնտաժումից հետո կառուցվածքները հանվում են եւ մակերեսը վերականգնվում։

Հուսանք՝ կատարված մեծ ծախսերը օդում մսխված փողեր չեն դառնա, եւ թարմացումները իսկապես հանրապետության հրապարակը  կդարձնեն տոնական սեզոնի գլխավոր կետը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս