Armenian text to speach

«ՊԱՏԱՐԱԳԻ ՇՈՈՒ ԷՐ ԲԵՄԱԴՐՎԵԼ». ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձավ վերջին իրադարձություններին, մասնավորապես՝ եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ Հովհաննավանքում տեղի ունեցած կեղծ եկեղեցական ծեսերին։

 

-Պարո՛ն Սողոմոնյան, նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում կրկին «պատարագ» մատուցվեց կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ նախկինում Տեր Արամի ձեռամբ։ Դրան աջակցություն էր հայտնել նաեւ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նրանք նույնպես մասնակցում էին պատարագին։ Կներկայացնե՞ք Ձեր գնահատականը կատարվածի վերաբերյալ։

-Թույլ տվեք ասել, որ ոչ թե պատարագ է մատուցվել, այլ պատարագի շոու։ Կարգալույծ քահանայի ձեռամբ կատարվածը կարող է լինել միայն բեմականացում, բայց ոչ սուրբ եւ անմահ պատարագ։ Վերջինս կարող է մատուցվել միայն վեհափառ հայրապետի կողմից ձեռնադրված հոգեւորականի ձեռամբ։

Բնականաբար, տեղի ունեցած կեղծ պատարագի նպատակը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին կազմաքանդելն է։ Փաշինյանի գործելաոճն այդպիսին է. բարձր վարկանիշ ունեցող համակարգերը նրա համար վտանգ են ներկայացնում, հատկապես այն համակարգերը, որոնք ունեն ազգային բնույթ եւ կապված են Հայաստանի կամ Արցախի հիմնախնդիրների հետ։ Այդ կառույցները վտանգավոր են Փաշինյանի, նրա իշխանության եւ «արտաքին հովանավորների» համար՝ նկատի ունեմ Բաքվի եւ Անկարայի «գործընկերներին»։

Կազմաքանդման մեխանիզմներից մեկն էլ «ներքեւներին» «վերեւների» դեմ հանելու փորձն է. ներկայացվում է, թե կաթողիկոսը վատն է, եպիսկոպոսները վատն են, իսկ քահանաները՝ լավը։

-Ի՞նչ է շահում դրանով, պարո՛ն Սողոմոնյան։

-Շահում է այն, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ներսից քանդվում է։ Դա անհրաժեշտ է նրան՝ ընտրություններից առաջ սեփական ընտրազանգվածը ապահովելու համար։ Ստեղծվում է քաղաքական կոնֆլիկտ, հանրության առաջ ներկայացվում է «վատ կերպար», որը, իբր, խանգարում է երկրի զարգացմանը։ Եթե նախկինում այդ դերը վերագրվում էր նախկին իշխանություններին, ապա այժմ Փաշինյանին պետք է նոր «հրեշի» օրակարգ, որտեղ ինքը հանդես կգա որպես այդ «հրեշին հաղթող ասպետ»։

Հատկապես այն ընտրազանգվածը, որը մի ժամանակ իրեն հավատացել է եւ նույնիսկ 2021-ի ընտրությունների ժամանակ ձայն է տվել, բայց հետո հիասթափվել է ու դեռ չի կողմնորոշվել, այժմ նրա ուշադրության հիմնական թիրախն է։

-Ի դեպ, նոյեմբերի 2-ին Հովհաննավանք եկած քաղաքացիները մեզ հետ զրույցներում բառացիորեն կրկնում էին Փաշինյանի խոսքերը՝ ուղղված կաթողիկոսի դեմ։ Ակնհայտ էր, որ նրանք լավ տեղեկացված են վարչապետի հայտարարություններից։ Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակը, այսպես կոչված՝ եկեղեցի-պետություն հակամարտությունը կշարունակվի՞ մինչեւ 2026 թվականի համապետական ընտրություններ։

-Չէի ասի, թե եկեղեցի-պետություն հակամարտություն կա, բայց փաստացի ստացվում է հենց դա։ Քանի որ պետությունը ներկայում բռնազավթված է Փաշինյանի կողմից, ստեղծվում է տպավորություն, թե հակամարտությունը եկեղեցու եւ պետության միջեւ է։ Իրականում պետության անունից գործում են այն կառույցները, որոնք նրա հրահանգով քրեական գործեր են հարուցում՝ ուղղված եկեղեցու դեմ։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ՝

«ԱրմԼուր.ԷյԷմ» կայքում

 




Լրահոս