ՀՅԴ գերագույն ժողովի՝ երկու օր տևած քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ համակարգային փոփոխություններ երաշխավորող քաղաքական, տնտեսական առաջարկությունների փաթեթը շարունակելու է մնալ իշխանությունների և քաղաքական ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշելով այս մասին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, թե «քառյակի» կազմում կան ուժեր, որոնց հետ համագործակցությունն այնքան էլ արդյունավետ չեն ընթանում:
«Մենք քառյակում ունենում ենք բաց, անկեղծ քննարկումներ և շատ անկեղծ ենք խոսում բոլոր հարցերի վերաբերյալ: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մենք ենք համոզել մեր գործընկերներին», – նշեց Վարդանյանը:
Միաժամանակ, նա նշեց, թե իր համար զարմանալի է այն փաստը, որ 2007թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, թե խորհրդարանական համակարգեր են պետք, հիմա էլ ասում են, թե պետք չեն: Լրագրողների ճշտող այն հարցին, թե դա նշանակում է, որ հարաբերությունները վատ են հենց ԲՀԿ-ի հետ, Վարդանյանը կոնկրետ որևէ պատասխան չտվեց՝ նշելով թե կարող եք սեփական եզրահանգումների գալ: