ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արգավանդի խաչմերուկ չհասած` «Սթար» սուպերմարկետից մի փոքր ներքեւ` 47 համարի երթուղային տաքսու վերջնակետի տարածքում, կանգառի նշան չկա, բայց այդտեղ կանգնում են ե՛ւ ուղեւորները, ե՛ւ երթուղային տաքսիները: Հնարավո՞ր է կանգառի նշան դնել, քանի որ անձրեւների, ձյան ժամանակ դժվար է լինում այդ հատվածում կանգնել ու սպասել:

ՀԱԹ մի խումբ բնակիչներ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից նշված ճանապարհահատվածում Երեւանի քաղաքապետի 14.05.2010թ. հ.1868-Ա որոշմամբ սահմանվել է հասարակական տրանսպորտի կանգառատեղ, որի կահավորումը ճանապարհային նշանով ու գծանշումներով պետք է իրականացվի ճանապարհային ոստիկանության կողմից համակարգվող կազմակերպության միջոցով: Ինչ վերաբերում է կանգառում սպասող ուղեւորներին տեղումներից պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդրանքին, ապա դիմողները հավանաբար նկատի են ունեցել կանգառասրահի տեղադրումը, որի իրականացումը հնարավոր կլինի մայրաքաղաքի կանգառներում կանգառասրահներ տեղադրելու ընդհանուր ծրագրի համատեքստում` 2012 թվականի հնարավոր ֆինանսավորման շրջանակներում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված սուպերմարկետից օգտվող մեր հայրենակիցներն առաջիկա ամիսներին նույնպես ստիպված կլինեն նախքան երթուղայինի գալը քամու, ձյան ու անձրեւի տակ սպասել: Ընդամենը մեկ կանգառասրահը քաղաքապետարանը լրջագույն ընդհանուր գործընթացի մեջ է ներառում, սակայն մինչ այդ ոչինչ չառաջարկելով: Սա այն դեպքն է, երբ սուպերմարկետը կարող է քաղաքապետարանի անորոշ խոստմանը չսպասել եւ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով լուծել նշված հարցը: Ի վերջո, մեր ընթերցողի հարցադրումը ենթադրում է, որ նորահայտ կանգառը խանութից օգտվողների շնորհիվ է առաջացել:




Լրահոս