Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հաղորդմամբ են ձերբակալվել «Իմնեմնիմիի» հեղինակները, իսկ իր՝ Կասկադում քաղաքացու վրա թքելու գործով վարույթ անգամ չհարուցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես պարզվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով քրեական վարույթ հարուցվել «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ․ գործը վերաբերում է նոյեմբերի 10-ին եթերում թողարկված ծրագրին, որտեղ նրանք կոշտ քննադատությամբ անդրադարձել էին Սիմոնյանին։ Այս մասին հայտնել է նրանց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ պատմությունը սկսվել է դեռ նոյեմբերի 7-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո, երբ Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։ «Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են “շան տղերք”, ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,– նշել է փաստաբանը։

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ այո, Ալեն Սիմոնյանն է հաղորդում տվել իրավապահներին «Իմենիմնի» փոդքաստում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների մասով։

Մյուս կողմից, հանրության հիշողությունից դեռ չի ջնջվել մեկ այլ աղմկոտ դեպք՝ կապված հենց ԱԺ նախագահի անվան հետ․ երկու տարի առաջ Երևանում, Կասկադի տարածքում, Ալեն Սիմոնյանն ինքն էր հարձակվել քաղաքացու վրա: ԱԺ նախագահի թիկանզորի ներկայացուցիչները բռնել էին Կարեն Մկրտչյանի ձեռքերից, իսկ Ալեն Սիմոնյանը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքի:

Այս մասին ոչ միայն տեսանյութեր կան, այլև՝ հաղորդում նույն իրավապահներին՝ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Սակայն որևէ քայլ չձեռնարկվեց, ԱԺ նախագահը մնաց անպատիժ:

Ընտրովի արդարադատություն է, երբ ընդդիմադիր հաղորդավարների՝ ծանր արտահայտություններով պատասխան արձագանքները դարձել են խուլիգանության հոդվածով գործ հարուցելու առիթ, իսկ նախկինում Ազգային ժողովի նախագահի կողմից քաղաքացու հանդեպ ցուցաբերած նվաստացուցիչ վերաբերմունքը ուղղորդված խուլիգանական վարքով, անպատիժ է մնում:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս