Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկի համար: Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է:

«Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ նշանակալի համատեղ ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը թույլ կտա աջակցել հայկական ընկերություններին՝ բավարարելով նրանց ֆինանսավորման կարիքները, ինչպես նաև ընդլայնել մեր բանկի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի քանակը»,- ասում է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Վարկը, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ հատկապես կոնտրոնանալով մարզերի հաճախորդների և նոր վարկառուների վրա։

Այս նախաձեռնությունը նաև կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։

«ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը համագործակցում են արդեն 15 տարուց ավելի: Այս ժամանակահատվածում մենք աշխատել ենք մի շարք վարկային գծերի շուրջ, որոնք ուղղված են եղել տնտեսության որոշակի հատվածների ֆինանսավորմանը։ Դրանցից են, օրինակ, կանանց կողմից վարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորումը՝ ուղղված վերջիններիս արտադրական հզորությունների ավելացմանը, ԵՄ
չափանիշներին համապատասխանությանը և այդ երկրներ արտահանման խթանմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը: Մենք նաև 10% բաժնեմաս ունենք Ամերիաբանկում և ակտիվորեն համագործակցում ենք առևտրի ֆինանսավորման ոլորտում»,- նշում է  ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

Նա հավելում է, որ հատկապես կարևոր է կանաչ ֆինանսավորման սահմանաչափը` 60 միլիոն եվրո, որը կուղղվի կանաչ ներդրումների իրականացմանը։ Նշված ներդրումները թույլ կտան աջակցել Երևանում, ինչպես նաև Երևանից դուրս` շրջաններում, գործող հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին` օգնելով նրանց դառնալ ավելի դիմացկուն ու ավելի անկախ և ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ 

Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ 

Ամերիաբանկի առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն ​​դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։

Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանն էլ ընդգծում է 2 կողմերի համագործակցության կարևորությունը։

«Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա, խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության` ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարորության»,- ասել է նա։

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է: Իր թվային լուծումների և մեծ քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։

1992 թ. Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս