ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է «Southern Spear» («Հարավային նիզակ») նոր ռազմական գործողության մեկնարկի մասին։ Գործողության նպատակը թմրամիջոցներ տեղափոխող խմբերի դեմ պայքարն է և ԱՄՆ-ի անվտանգությունը։ Գործողությունն իրականացվում է SOUTHCOM-ի՝ Հարավային հրամանատարության միջոցով, որի պատասխանատվության գոտին ընդգրկում է Հարավային և Կենտրոնական Ամերիկան ու Կարիբյան տարածաշրջանը։
Այս ընթացքում հայտնի է դարձել, որ ԱՄՆ բանակը իրականացրել է արդեն 20-րդ հարվածը Կարիբյան և Խաղաղ օվկիանոսներում գործող կասկածելի նավի վրա՝ սպանելով չորս մարդու։ ԱՄՆ-ը այս գործողությունները ներկայացնում է որպես պայքար թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեմ, սակայն չի ներկայացրել դրա վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ կամ հիմնավորումներ։ Տարբեր տվյալներով՝ նման հարձակումների հետևանքով զոհվածների թիվը մոտ 80 է։
G7 երկրների քննադատությանը արձագանքելով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոպան չի կարող որոշել, թե ինչպես պետք է ԱՄՆ-ը պաշտպանի իր ազգային անվտանգությունը։





























