Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված ավիահարվածը, որի հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցից հետո, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով նրա Telegram-ում գրառմանը։
«Ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդի նկատմամբ ցուցաբերած աջակցության և կարեկցանքի համար», – հայտնել է Զելենսկին:
Նա նշել է, որ ռուսները անցյալ գիշեր ուկրաինացիների դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և բալիստիկ հրթիռներ են օգտագործել։
«Ցավոք, կան ավերածություններ և վնասներ, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանատանը։ Պարոն նախագահը դատապարտեց այս հարձակումը և ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ», – նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և գործընկերության զարգացումը։
«Երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում իսկապես կանաչ լույս կա։ Կա լավ ներուժ, և մենք այն կիրականացնենք», – հավելել է Զելենսկին։





























