Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը եւ ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) տրամադրելու պահին՝ 2017 թվականի հունվարի 22-ին, նշված հասցեում ինքնակամ շինված են եղել կառուցման ենթակա շինությունները:
Այսպիսով՝ Դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է.
– 2010 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ ինքնակամ կառուցված 5 քմ շինության առկայության պայմաններում տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք.
– Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել են ապօրինի գրանցումներ.
– 2017 թվականին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքապետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինքնակամ կառուցված շինությունների առկայության պայմաններում, տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն եւ ավարտական ակտ.
– 2010-2017 թվականներին Գեղարքունիքի մարզի Դրախտիկի համայնքապետարանի պաշտոնատար անձինք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ 1-ին փողոցի 97 հասցեի շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:
Ուսումնասիրության արդյունքներով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Միջնորդագիր է ուղարկել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող, իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին եւ նրա նկարահանող խմբին՝ պահանջել է դադարեցնել այն եւ շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը եւ հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, հեռացել է նշված վայրից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Եվ, ահա, այս գործը այժմ դատարանում է: Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի մասով սա երկրոդ քրեական գործն է, որ հայտնվել է դատարանում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն էլ բացահայտել էր ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ























