Տաթեւի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ հայտը ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ԱԳՆ, եւ ներկայում ընթանում են աշխատանքներ՝ հուշարձանը նախնական ցանկից տեղափոխելու դեպի հիմնական ցանկը։ Անդրեասյանի խոսքով՝ աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում։ Նա նաեւ ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում հայկական հուշարձանների ընդգրկումը դարձել է համակարգային եւ շարունակական գործընթաց։
Հայաստանյան քաղաքականությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում հուշարձաններ ընդգրկելու գործում սկսվեց այն պահից, երբ առաջին անգամ բյուջեում նախատեսվեց նման միջոցառում, ինչը գործընթացը դարձրեց առօրյա եւ հետեւողական:
ԿԳՄՍ նախարարությունը նպատակաուղղված աշխատում է՝ ապահովելու մեր հուշարձանների պաշտպանվածությունը եւ համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկումը, նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված են 3 հուշարձանախումբ՝ ընդհանուր 12 արժեքով։
Առաջինում ընդգրկված են՝
– Սանահինի ու Հաղպատի վանքերը,
– Էջմիածնի Մայր Տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի հնագիտական վայրը,
– Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը։
Երկրորդ ցանկում ընդգրկված են՝
– դուդուկի երաժշտությունը,
– հայկական խաչքարերի արվեստը,
– հայոց «Սասնա Ծռեր» էպոսը,
– լավաշի մշակույթը,
– Քոչարի խմբային պարը,
– հայ տառարվեստը։
Երրորդ ցանկում ընդգրկվել են Մատենադարանի հնագույն ձեռագրերի հավաքածուն (1998), Բյուրականյան առաջին շրջահայությունը թվայնացված տարբերակով (DFBS, 2011), ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ ֆիլմերի երաժշտությունը (2017): Այս ցանկը նոր է համարվում, սակայն ընդգրկված արժեքները գլոբալ նշանակություն ունեն՝ ընդգրկելով համաշխարհային ամենանշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ այլ արժեքավոր մշակութային հուշարձաններ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























