Armenian text to speach

Արցախը թալանածները ՔՊ հովանու տա՞կ են մտել. մաս 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սկիզբը՝ նախորդ համարում` https://armlur.am/1517478/

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առնվազն երկու, իսկ ընդհանրապես 7 տարի շարունակ հովանավորել է Արցախի ֆինանսական միջոցները փաստացի յուրացրած նախկին ու «ավելի» նախկին պաշտոնյաներին: Երկու տարի առաջ ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե, եւ վերջ:

 

Հիմա` ամեն ինչի մասին հերթով

Ինչպես Սաշիկ Սարգսյանի «50/50 տոկոս»-ի լեգենդը այդպես էլ ոչ մի փաստարկով չապացուցվեց հետհեղափոխական Հայաստանում, այնպես էլ՝ Արցախի նախկին նախագահ, այսօր Բաքվի բանտում կտտանքների ենթարկվող Արայիկ Հարությունյանին վերագրվող Արցախի ողջ հարստությունը, հէկ-երը, պարզվում է` ամենեւին էլ նախագահինը չէին: Արցախում եղել են պաշտոնյաներ, որոնք ահռելի ունեցվածք ու կարողություն են դիզել, հայաթափումից հետո դրանք, անհասկանալիորեն անվտանգ ձեւով, տեղափոխել են Հայաստան ու կալվածքներ են գնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում ու եվրոպայում:

 

ՔՊ-ի սիրելի գործարարը հարստացել է Արցախի հաշվին

Օրինակ` Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՔՊ գրասենյակում մուտք ու ելք ունեցող Արման Հակոբջանյանը /https://armlur.am/1283160 / Արցախի շրջափակման օրերին հաջողեցրել էր Հայաստան փախչել եւ գնեց Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի հարյուր գազալցակայանները https://armlur.am/1309812/ : Նա հիմա էլ ՀՀ-ում է պետական մրցույթներում հաղթում եւ շինարարությամբ զբաղվում` ունենալով ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանի եւ էլի մի քանի ՔՊ-ականների հետ ընկերական հարաբերություններ: Այս մասով, սակայն, մեր հետաքննությունն առաջիկայում կհրապարակենք:

 

Անհայտ մեծահարուստ Կոմիտասը

Հիմա դառնանք Կոմիտաս Կարապետյանին. ով է նա, որ Հայաստանում դարձել է հսկայական ունեցվածքի տեր: Նա, եղբոր անունով գրանցված «ԼԵՌՄՈ» ՍՊԸ-ի անունով, 236.287,240 դրամ է ստացել Արցախի ներդրումային հիմնադրամից՝ հէկ-եր կառուցելու համար, որոնց մեծ մասը չեն էլ կառուցվել:

Առաջին եւ երկրորդ լուսանկարներում Կարապետյանի կնոջ եւ եղբոր անունով  գրանցված ընկերություններն են:

Իսկ նրա մյուս կարողությունները հիմնականում կնոջ անունով են գրանցված, որոնք թվարկում ենք ստորեւ.

 

Մերի Կարապետյան Վալերիի (13.10.1983թ.)

 

➢ քաղաք Երեւան

  1. Շենգավիթ, Ներքին Չարբախի 1-ին փողոց 80/6,
  2. Կենտրոն, Հանրապետության փողոց, 71 շենք 24 տարածք,
  3. Կենտրոն, Մոսկովյան փողոց, 35 շենք 77 ավտոկայանատեղի,
  4. Կենտրոն, Մոսկովյան փողոց, 35 շենք 16 բնակարան,
  5. Շենգավիթ, Ն. Չարբախ թաղամաս, 183 հողամաս:

 

Վերոնշյալ հասցեներով անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։

 

➢ Հայտնում ենք նաեւ՝

քաղաք Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Լենինգրադյան փողոց 23/18 հողամաս,

1) 6-րդ մասնաշենք 109 նախագծային բնակարան

2) 6-րդ մասնաշենք 83 նախագծային բնակարան,

3) 6-րդ մասնաշենք 67 նախագծային բնակարան

4) 5/2 մասնաշենք 19 նախագծային ավտոկայանատեղի,

5) 5/2 մասնաշենք 21 նախագծային ավտոկայանատեղի,

6) 5/1 մասնաշենք 21 նախագծային ավտոկայանատեղի,

7) 6-րդ մասնաշենք 25 նախագծային ավտոկայանատեղի,

8)  6-րդ մասնաշենք 23 նախագծային ավտոկայանատեղի,

9) 5-րդ մասնաշենք 22 նախագծային ավտոկայանատեղի,

10) 6-րդ մասնաշենք 26 նախագծային ավտոկայանատեղի,

11) 6-րդ մասնաշենք 24 նախագծային ավտոկայանատեղի,

12) 5/2 մասնաշենք 18 նախագծային ավտոկայանատեղի,

13) 5/2 մասնաշենք 22 նախագծային ավտոկայանատեղի,

14) 5/2 մասնաշենք 17 նախագծային ավտոկայանատեղի,

15) 5/2 մասնաշենք 20 նախագծային ավտոկայանատեղի,

16) 5/2 մասնաշենք 24 նախագծային ավտոկայանատեղի,

17) 5/2 մասնաշենք 23 նախագծային ավտոկայանատեղի,

 

հասցեներով անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։

Այս աղաղակող փաստերը Նիկոլ Փաշինյանի սիրելի եւ քաղաքական պատվերով առաջնորդվող իրավապահներին չեն հետաքրքրել: ՔՊ խմբակցությանն ու պաշտոնյաներին էլ չեն հետաքրքրել, որոնք օրումեջ կոռուպցիայից ու «նախկինների» թալանից են խոսում:

Ավելին՝ անհրաժեշտ ենք համարում այս առիթով հատուկ ընդգծել, որ ՔՊ խմբակցության թմրանյութի գործով անցած https://armlur.am/1251554/ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, թոշակառու մոր անունով գրանցված Զրվեժի առանձնատանը բնակվող Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի ունեցած, հայտարարագրված երկու տների մասին են աղաղակում: Այն դեպքում, երբ հենց իրենք շատ լավ գիտեն, որ Թովմասյանն իրեն միանձնյա պատկանող երկու բնակարանները (ոչ ավել, ինչպես ստում են ՔՊ պաշտոնյաները) ձեռք է բերել հիփոթեքով, եւ անցած մոտ քսան տարիների ընթացքում մարել է դրանք: Բայց կոռուպցիայի մեջ թաթախված գործիչներն ի վիճակի չեն նայել ճշմարտության աչքերին:

Այս հրապարակումը ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազին` որպես հաղորդում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ` պատրաստակամություն հայտնելով Արցախի ներդրումային հիմնադրամից մսխված միջոցների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնել իրավապահներին:

 

 

 

 

2

Դեռեւս ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական՝ այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին:

Սակայն, ինչպես այժմ «Ժողովուրդ»-ին փոխանցում են Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։

Նշենք, որ այս պահին կան 6 տարբեր տեսչական մարմիններ, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո:

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր նաեւ, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում. կարելի է ասել՝ տեսչություններում այս առումով բունտ էր հասունանում: Թեպետ կառավարությունում քննարկումների ընթացքում շեշտվել էր, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, սակայն այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։ Կարճ ասած՝ երկար քննարկումներից հետո նոր կոմիտե ստեղծելու հարցն այս պահին առկախ է.  գործընթացը կանգ է առել:

 

 

 

 

3

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։

Բանն այն է, որ «Հետքը»-ը  պարզել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:

 

«Սխալմունքներ»՝ Նոյեմբերյան համայնքում

Հանձնաժողովն արձանագրել է, որ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի՝ 2024թ.  մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ է տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին։

Փոխանցման նպատակը եղել է Նոյեմբերյան քաղաքում «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպման համար անհրաժեշտ միջոցառման ծախսերի ապահովումը։ Ըստ որոշման՝ հանդիպումը եղել է նույն տարվա փետրվարի 21-ին։

Աղաբաբյանը լրատվականին հայտնել է, որ գումարի փոխանցումը կատարվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների հետ նախատեսված հանդիպման եւ այդ միջոցառման ծախսերը հոգալու նպատակով։ Սակայն, նրա պարզաբանմամբ, որոշման մեջ տեղի ունեցած փաստաթղթային սխալի հետեւանքով սխալմամբ գրվել է «Ապրելու երկիր» կուսակցություն։ Հարկ է նշել, որ Աղաբաբյանը համայնքապետ է դարձել  «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակով։

Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանման մեջ եւս Աղաբաբյանը նույն հիմնավորումն ու պատճառաբանությունն է բերել։

Այս «սխալմունքը» հաշվի առնելով՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Աղաբաբյանը չի կատարել մասնավոր շահով պայմանավորված գործողություն, որը կարող էր հանգեցնել օրենքի խախտման։

Արդյունքում, Հանձնաժողովը եզրակացրել է ՀՀ Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գործողություններում շահերի բախման իրավիճակի բացակայության մասին։

 

 

 

4

Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները։

Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։

Դեպքից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգեւորականների թիվը հասել էր 12-ի։ Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված չորս հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը. վերջինս Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչեւ օրս որեւէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։

Փաստացի, քննչական մարմինը դեռեւս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»։

 

 




Լրահոս