Հասարակական պահանջը որևէ մեկը չի որոշում. Հ. Սահակյանը` Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, armlur.am-ի հետ զրույցում  անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում նախկին նախագահը դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին ու քննադատել Սերժ Սարգսյանին, ասաց, որ հասարակությունը զարգանում է,  հետևաբար պետք է փոփոխության ենթարկվի օրենսդրական դաշտը: «Եթե նայում եք մեր երկրի պրակտիկան, ապա տասը տարին մեկ փոխվում է մեր սահմանադրությունը»,- ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում  է  Քոչարյանի մատնանշած երեք հանգամանքներին` ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները, ՀՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` հասարակական պահանջը որևէ մեկը չի որոշում, դա կարող է որոշվել հասարակական քննարկումներով. «Չեմ կարծում, որ որևէ մեկն այս պահին ունի նման վերլուծություն»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցված` «երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց» արտահայտությանը,  Սահակյանի խոսքով` մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընկալելի քննադատությունը կարևոր է ու պարտադիր, բայց ոչ երբեք չարախնդալը: 

-Իսկ համաձա՞յն եք  2-րդ նախագահի այն դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ ծանր ժառանգություն է ստացել:

-Այն, որ անելիքները շատ են հատկապես այս լուրջ ժամանակահատվածում, փաստ է: Այն, որ պատասխանատվությունը բավական  մեծ է, դա էլ է միանշանակ: Մենք դաշտը  նայում ենք օբյեկտիվորեն. նայում ենք դրսի մարտահրավերները, նայում ենք մեր տնտեսության վիճակը,  չենք նայում ներքաղաքական ինչ-ինչ իրավիճակներից ելնելով:

Սոնա Դավթյան




Լրահոս