Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ով 2006 թվականից աշխատել է նախարարության տարբեր հաստիքներում, 2024 թվականին մեքենաների առքուվաճառքով է զբաղվել։
2018 թ. մայիսից ի վեր Պողոսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Արման Պողոսյանը 5 անշարժ գույք է հայտարարագրել։ Գույքերից 3-ը գտնվում են Արագածոտնի մարզի Օշական գյուղում, որը փոխնախարարի ծննդավայրն է։ Երեք գույքերից երկուսը հողամաս են, մեկը՝ բնակելի տուն. Արման Պողոսյանը 2012 թվականին դրանք ժառանգություն է ստացել։ Վերոնշյալ գույքերը Պողոսյանին պատկանում են միանձնյա սեփականության իրավունքով։
Պողոսյանը հայտարարագրել է նաեւ 2 անշարժ գույք Երեւանում՝ մեկը Ավան վարչական շրջանում՝ «բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք», որը գնել է 2016 թվականին, մյուսն էլ Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան՝ ձեռք բերված 2019 թվականին։
Տվյալ տարվա սկզբում փոխնախարարը ունեցել է TOYOTA մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2021 թվականին, սակայն տարվա ընթացքում այն վաճառել է 9 մլն դրամով։
Վաճառքից հետո Պողոսյանը 10 մլն 750 հազար դրամով գնել է LEXUS մակնիշի մեքենա։
Փոխնախարարը նախորդ տարի պարտատոմսեր է ձեռք բերել 20 մն դրամ արժեքով։
Պողոսյանի 25 մլն դրամ բանկային ավանդը, որը առկա էր տվյալ տարվա սկզբում, զրոյացել է տարեվերջին։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 105 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 51 հազար դոլար եւ 2 հազար եվրո։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 31 մլն 452 հազար դրամ, որից 15 մլն 79 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ֆինանսների նախարարությունից։ Եկամուտներից 9 մլն դրամը գույքի վաճառքից ստացած գումարն է, 3 մլն 222 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, եւ դրան մոտ եւս 3 մլն դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտն է։
Եկամուտներից 236 հազար դրամը «ստացված փոխառություն» է «Արարատ» բանկից, իսկ 915 հազար դրամը՝ «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս եւ այլ հատուցում» «Էվոկաբանկից»։
Փոխնախարարի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 785 հազար դրամ, որից 28 մլն 549 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Արման Պողոսյանը հանգստի համար ծախսել է 3 մլն 588 հազար դրամ։ «Նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք»-ի բաժնում Պողոսյանը հայտարարագրել է 13 մլն 960 հազար դրամ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























