Armenian text to speach

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 3 ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բաքվում պատանդառված ազգային բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երկար լռությունից հետո օրերս հեռախոսազրույց է ունեցել իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ եւ խնդրել է երեք ուղերձ փոխանցել ժողովրդին.

 

  1. «Արցախը եղե՛լ է, կա՛ եւ կլինի՛»։
  2. «Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո մի մասի, բարության եւ լույսի»։
  3. «Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա, այն մարդը, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը»։

Տեղեկացնենք, որ այս տարի լրանում է Վարդանյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակը, որի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն ընկերներին եւ բարերարներին, որոնք հավատացին, վստահեցին ու աջակցեցին իրենց առատաձեռնությամբ։

Նա իր նամակում մաղթել է «Ավրորա»-ին շարունակական հաջողություններ։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին գերեվարվել է Ադրբեջանի կողմից:

Օրերս նա հրաժարվել էր իր նորանշանակ փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել էր Ադրբեջանի հարցերով փորձագետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։

Հոկտեմբերի քսանմեկին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է արդեն նախկին փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Ընտանիքի միջոցով փոխանցված իր մեկնաբանության մեջ Վարդանյանը նշել է, որ դա պարտադրված որոշում էր։ Հայտնի բարերարը փաստել է, որ անցած ամիսների ընթացքում սպառվել են պաշտպանության ընթացակարգային բոլոր հնարավորությունները: Վարդանյանը հայտարարել է, որ իրեն պաշտպանության պատրանք պետք չէ, եւ ինքը հրաժարվում է մասնակցել այդ ֆարսին։

Հոկտեմբերի քսանութին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել՝ Էմիլ Բաբիշովը: Հայտնել էին, որ Վարդանյանը նոր փաստաբանի նշանակման կապակցությամբ առարկություն չունի։

«Շինծու դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը օրերս հրաժարվել է հայատյաց փաստաբանի ծառայություններից։ Նա ճիշտ է վարվել՝ Բաբիշովը ակնհայտորեն տորպեդահարում է այդ «դատական» ֆարսը, որը, հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ», – հայտարարել էր Հայրապետյանը։

Հայրապետյանի խոսքով՝ բավական է տեսնել սոցցանցում Բաբիշովի էջը՝ համոզվելու համար, որ նա հայատյաց հայացքներ ունի։

«Բացի դրանից, նա իր էջում զետեղել է արհամարհական-հեգնական բովանդակությամբ տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները Շուշիում գտնվելիս հարցնում են՝ «ի՞նչ է պատահել, Փաշինյան» (արտահայտություն, որը 2020 թվականին ասել էր Ալիեւը-խմբ.)»,-նշել է նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ հունվարի տասնյոթից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ այլք:

Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս