Armenian text to speach

ԴԱՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս գումարվել է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված էր էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Ժորա Չիչոյանի հետ զրուցել է դատական համակարգի տարբեր հարցերի շուրջ։ Խոսելով կալանավորված Դավիթ Համբարձումյանի գործի մասին՝ նա նշեց, որ նշված՝ վեց տարի երեք ամիս տեւող պատիժը ամբողջությամբ տեղադրված է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։ Այնտեղ մանրամասն ներկայացված է, թե կոնկրետ արարքի համար ինչ պատժաչափ է կիրառվել։

Դատավոր Չիչոյանը հավելեց, որ վճիռ կայացնելիս ոչ մեկից հրահանգ չեն ստացել։ Նա շեշտեց՝  հրահանգ ստանալու իրավական հիմքեր կամ առիթներ պարզապես գոյություն չունեն. գործը քննվել է ըստ էության, օբյեկտիվության շրջանակում։ Գործի առնչությամբ չորս անձինք արդարացվել են, ինչպես ընդգծեց դատավորը։

-Պարոն Չիչոյան, ուզում եք ասել, որ երբեւէ որեւէ քննարկում որեւէ գործով ԲԴԽ նախագահի հետ չե՞ք ունեցել։

-Անցյալում նախկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին տեսել եմ միայն մեկ անգամ՝ Դիլիջանում կազմակերպված սեմինարի ժամանակ ընդհանուր ժողովում, իսկ պարոն Աթաբեկյանի հետ առհասարակ առիթ չեմ ունեցել հանդիպելու։

-Պարոն Չիչոյան, Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչները Ազգային ժողովում նշեցին, որ քրեածին այս իրավիճակի պատասխանատուները հիմնականում դատավորներն են, եւ սլաքները ուղղեցին կոնկրետ դատական համակարգին։ Նրանք պնդում էին, որ ոստիկանությունը, քննչական կոմիտեն եւ դատախազությունը իրենց հերթին ամեն ինչ անում են հանցագործներին դատարան ուղարկելու եւ նրանց նկատմամբ կալանքը կիրառելու համար, բայց դատավորները հաճախ ազատ են արձակում հանցագործներին, ինչի պատճառով վիճակը մնացել է անկայուն։ Դուք տեսնո՞ւմ եք Ձեր մեղքի բաժինը այստեղ, եւ արդյոք իրավապահների քննադատությունը դատական համակարգի հասցեին արդարացվա՞ծ է։

-Անհատապես չեմ լսել ձեր նկարագրած կարծիքները դատավորների հասցեին, սակայն ինչպես նշեցի, կոնկրետ գործերի հանգամանքները միշտ ենթադրում են հիմնավոր քննարկում։ Նման դեպքեր երբեւէ չեն եղել, որ իմ կողմից կայացված դատական ակտերով խափանման միջոց կալանքը մերժվի, հետո այդ որոշումները բողոքարկվեն դատախազի կողմից եւ վերջում դրանք բեկանվեն։ Շատ դեպքերում, նույնիսկ ծանր հանցագործությունների պարագայում, հիմնավոր կասկածի հիման վրա խափանման միջոցները մերժվել են եւ մնացել անփոփոխ։

-Արդարադատության նախարարն ասել է, որ երկրում կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները։ Ինչո՞ւ է այսպես։

-Չգիտեմ, թե թվերը ինչպես են բաժանված, բայց փորձը ցույց է տալիս, եւ իմ զգացողությամբ՝ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն է կարծես աճել, եւ դրանով պայմանավորված են կալանքի թվերը։

-Պարո՛ն Չիչոյան, արդյոք երբեւէ SMS կամ որեւէ հրահանգող նամակ ստացե՞լ եք վարչապետից կամ իշխանության որեւէ այլ օղակից։

-Ո՛չ, երբեւէ չեմ ստացել։

Զրուցեց  ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 




Լրահոս