2024 թվականի ապրիլի 1-ից էկոնոմիկայի փոխնախարար նշանակված Նարեկ Հովակիմյանը իր հայտարարագրում նշել է, որ ունի երեք բնակարան։
Ո՞վ էր Նարեկ Հովակիմյանը մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը։
2008-2011 թվականներին նա եղել է «Հիմա» հասարակական երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրը։
2013-2015 թթ. աշխատել է ՌուսՀիդրո «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական վարչությունում՝ գլխավոր մասնագետի պաշտոնով։
2017-2018 թվականներին Հովակիմյանը աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, ապա դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։
2018 թվականի հեղափոխությունից հետո, մինչեւ 2019 թվականը, ղեկավարել է ԵՄ ծրագրերից մեկը՝ «CPM Consulting» ընկերության շրջանակում՝ «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման զարգացում՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա» անվամբ։
Նարեկ Հովակիմյանն իր աշխատանքային կենսագրության ընթացքում, ըստ հայտարարագրի, որեւէ տեղում երկու տարուց ավելի չի աշխատել։
2019-2020 թվականներին նա զբաղեցրել է Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, ապա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, իսկ 2024 թվականին վերադարձել եւ նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար։
Հովակիմյանի հայտարարագրած գույքը եւ եկամուտները.
Ըստ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ նա ունի երեք անշարժ գույք՝
գ մեկ բնակարան Երեւանում, ձեռք բերված 2018 թվականին,
գ երկու անհատական բնակելի տուն, որոնք նվիրատվությամբ ստացել է 2019 եւ 2014 թվականներին՝ համապատասխանաբար Երեւանում եւ Աշտարակ համայնքում։
Նախորդ տարի փոխնախարարը զբաղվել է նաեւ ավտոմեքենաների առքուվաճառքով։ Տարեսկզբին ունեցել է Mitsubishi մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2016 թվականին։
2024 թվականի դեկտեմբերին՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց, նա գնել է BMW մակնիշի, 2020 թվականի արտադրության ավտոմեքենա՝ 9 մլն 975 հազար դրամ արժեքով, իսկ Mitsubishi-ն վաճառել է 1 մլն դրամով։
Նրա բանկային ավանդները կազմել են 610 հազար դրամ։ Միեւնույն ժամանակ, բանկային հաշիվների մնացորդները նվազել են. եթե տարվա սկզբին ունեցել է 150 հազար ռուբլի, ապա տարեվերջին մնացել է 1,7 հազար ռուբլի, իսկ դրամային հաշիվը՝ 1 մլն 85 հազար դրամից դարձել է 438 հազար դրամ։
Կանխիկ միջոցները եւս կրճատվել են. 3,5 մլն դրամը դարձել է 1,5 մլն, 2,7 հազար դոլարը՝ 1,5 հազար դոլար, իսկ 670 հազար ռուբլին զրոյացել է։
Հաշվետու ժամանակահատվածում փոխնախարարի եկամուտները կազմել են 31 մլն 333 հազար դրամ, որից՝
գ 10 մլն 486 հազար դրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստացած աշխատավարձն է,
գ 3 մլն 473 հազար դրամը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքի դիմաց ստացած գումարը,
գ 5,4 մլն դրամը՝ վարձակալության վճարներից ստացված եկամուտը։
Բացի դրանից, փոխախարարը 144 հազար դրամ է ստացել փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց տոկոսների տեսքով, իսկ 10 մլն 830 հազար դրամը «Ինեկոբանկ»-ից ստացված վարկային միջոցներն են։
1 մլն դրամ էլ Հովակիմյանը ստացել է մեքենայի վաճառքից։
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխնախարարի վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 86 մլն 945 հազար դրամ, որից՝
գ 77 հազար 667 դոլարը՝ առաջին բնակարանի հիփոթեքի մնացորդ,
գ 13 հազար 884 դոլարը՝ երկրորդ բնակարանի հիփոթեքի մնացորդ,
գ 38 մլն 137 հազար դրամը՝ երրորդ բնակարանի վարկային պարտավորություն։
Այս տվյալներից պարզ է դառնում, որ փոխնախարար Նարեկ Հովակիմյանը միաժամանակ ունի հիփոթեքով ձեռք բերված երեք բնակարան։ Սակայն ՔՊ-ի որեւէ պատգամավոր անհանգստացած չէ այս փաստով՝ ինչպես է նա կարողացել ազնիվ ճանապարհով 3 բնակարանի տեր դառնալ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































