Աշխարհում գոյություն ունեն տոներ, որոնք նշվում են ոչ թե ավանդույթի, այլ ժամանակակից կյանքի ռիթմի թելադրանքով։ Այդպիսի օրերից մեկն էլ նոյեմբերի 11-ն է՝ Գնումների միջազգային օրը (International Shopping Day), որն արդեն երկու տասնամյակ է, ինչ վերածվել է համաշխարհային սպառողական «պարահանդեսի»:
Այն ծնվել է Չինաստանում՝ որպես հակաթեզ Սուրբ Վալենտինիի օրվան։ 1990-ականներին չինացի ուսանողները նոյեմբերի 11-ը՝ 11.11-ը (չորս «մենակ 1»-եր), ընտրեցին որպես «Մենակների օր» (Singles՚ Day)՝ նշանավորելու սեփական ազատությունն ու անկախությունը։ Սակայն ժամանակի ընթացքում այդ խորհրդանշական օրը վերափոխվեց՝ ստանալով բոլորովին այլ շեշտադրում։ 2009-ին առցանց հարթակ Alibaba-ն այն վերածեց գնումների տոնի՝ առաջարկելով աննախադեպ զեղչեր։ Այդ պահից սկսած նոյեմբերի 11-ը դարձավ գլոբալ առեւտրի օր, որը դուրս եկավ Չինաստանի սահմաններից եւ ընդգրկեց ողջ աշխարհը։
Այսօր միլիոնավոր մարդիկ սպասում են հենց այս օրին՝ իրենց զամբյուղներում երկար պահված ապրանքները ձեռք բերելու համար։ Թվային առեւտրի դարաշրջանում սա ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային երեւույթ է։ Գնումների միջազգային օրը խոսում է այն մասին, թե ինչպես է սպառողական մշակույթը դարձել ինքնարտահայտման ձեւ։ Մարդը, ձեռք բերելով իր նախընտրած իրերը, կարծես հաստատում է սեփական ճաշակը, կյանքին մոտեցումը, նույնիսկ՝ ինքնությունը։
Եթե ուշադիր հետեւենք, այս տոնն ունի նաեւ երկակի իմաստ։ Մի կողմից այն խորհրդանշում է նոր հնարավորությունների դարաշրջանը, երբ յուրաքանչյուր ոք կարող է մի քանի վայրկյանում գնել աշխարհի ցանկացած կետում ստեղծված արտադրանք։ Մյուս կողմից այն հիշեցնում է մեր ժամանակների սպառողական մոլության մասին, երբ մարդն ինքն է վերածվում համակարգի բաղադրիչի՝ մշտապես ցանկանալով ավելին, միշտ նորը։
Նշենք, որ Հայաստանում եւս վերջին տարիներին այս օրը սկսել է նկատելի դառնալ. խանութները եւ առցանց հարթակները միանում են միջազգային շարժմանը՝ առաջարկելով «11.11» ակցիաներ։
Այսօր, երբ գնումների մշակույթը տեղափոխվել է թե՛ քաղաքային մոլերի աշխույժ միջավայր, թե՛ առցանց հարթակներ՝ ինչպես «Wildberries», «Ozon», «Temu» եւ մյուսներ, նոյեմբերի 11-ը դարձել է նաեւ հրաշալի առիթ՝ փոքրիկ նվեր անելու ինքներդ ձեզ։ Այդ օրը սովորաբար առաջարկվում են ամենագրավիչ եւ սպասված զեղչերը, ուստի կարելի է առանց խղճի խայթի թարմացնել զգեստապահարանը, ընտրել նոր օծանելիք, պայուսակ կամ նույնիսկ տան ինտերիերի դետալ, որը Ձեզ կբերի լավ տրամադրություն ու ոգեշնչում։
Գնումների միջազգային օրը, իր բոլոր գայթակղություններով հանդերձ, նաեւ հիշեցում է կյանքի գեղեցիկ կողմերի մասին. այն հնարավորություն է ստեղծում վերագտնել սեփական ճաշակը եւ ուրախանալ մանրուքներից։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































