Երեկ ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ չորս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ նույն մարդկանց ասելիքը նույն օրը հնչեր չորս տարբեր հանդիպումներում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց դեսպաններին. Կառավարության կայքում, սակայն, այս մասին տեղեկություն չկար, իսկ վարչապետի ֆեյսբուքյան էջում միայն ռիլ էր հրապարակված, որին կից տեղեկություն չկար հանդիպման բովանդակության վերաբերյալ: https://www.facebook.com/share/r/16x12KWHkw/?mibextid=wwXIfr
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ընդունեց նույն դեսպաններին: https://www.facebook.com/share/v/1GzCtccMhP/?mibextid=wwXIfr
Առանձին հանդիպմամբ ԵՄ նույն դեսպաններին խորհրդարանում ընդունեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
https://www.facebook.com/share/173rHKnubK/?mibextid=wwXIfr
Իսկ ՀՀ արտգործնախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դարձյալ հանդիպեց նույն դեսպանների հետ: https://www.mfa.am/hy/press-releases/2025/11/11/Armenia_EU_Missions/13598
Պաշտոնական հաղորդագրությունները «ժլատ» էին այս առումով. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական միության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը»:
Կարելի է ասել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների օրակարգը գրեթե ամբողջությամբ նվիրված էր դիվանագիտական շփումներին:
Այս 4 հանդիպումները հասարակական եւ փորձագիտական շրջանակում առաջացրել են որոշակի մտահոգություններ։ Մասնավորապես, շրջանառվում են տեսակետներ, թե նման ակտիվ դիվանագիտական շփումները կարող են կապված լինել տարածաշրջանային նոր լարվածության եւ այն փաստի հետ, որ Խաղաղության հռչակագրի՝ օգոստոսի 8-ին ստորագրված դրույթներից որոշ կետեր վտանգված են Ադրբեջանի գործողությունների հետեւանքով. եւ այս ահազանգերը հնչեցնելու խնդիր ուներ իշխանությունը:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նույն օրն անցկացված բազմաշերտ հանդիպումները պայմանավորված են խաղաղության գործընթացի շուրջ առաջացած խնդիրներով։
Ռուբինյանը, սակայն, հերքեց հանրային դաշտում շրջանառվող մտահոգությունները՝ նշելով, որ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ շփումները սովորական են «Հանդիպումները պարբերական են, դրանք տեղի են ունեցել նաեւ նախկինում: Այստեղ որեւէ արտառոց կամ մտահոգիչ բան չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգը մնում է կառավարության առաջնահերթությունը։
2
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորականների՝ հարցաքննության։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգեւորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։ Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորական կոմիտեում պետք է լինեն։ Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել ու ինչ է սպասում հոգեւորականներին՝ մանրամասները կներկայացնենք օրվա ընթացքում։
3
Ինչպես երեկ հայտնել էինք, նոյեմբերի 18-ին լրանալու է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։
ArmLur.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը ներքին հրահանգ է տվել՝ սահմանված ժամկետի լրանալուց յոթ օր առաջ միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը ներկայում պատրաստվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու մասով դիմել դատարան։
Սամվել Կարապետյանի գործը քննվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ կազմի դատավոր Կարեն Ամիրյանի վարույթում։
Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Ամիրյանը 2019 թվականին եղել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչությունում՝ նախ որպես ավագ դատախազ, ապա 2021 թվականի ապրիլից՝ որպես վարչության պետի տեղակալ:
Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ դատավորը ունի 2 անշարժ ցույք՝ 1 բնակարան ձեռք բերված 2019 թվականին եւ 1 ավտոկայանատեղի ձեռք բերված նույն տարում, Արաբկիր վարչական շրջանում։
2019 թվականը բարեբեր տարի է եղել նախկին ավագ դատախազի համար. նա նաեւ մեքենա է ձեռք բերել՝ Nissan մակնիշի։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 308 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 8,5 մլն դրամ։
Կարեն Ամիրյանը հաշվետու տարվա ընթացքում ստացել է 23 մլն 978 հազար դրամ եկամուտ 13 աղբյուրից։
5 աղբյուրից ստացել է աշխատանքի վարձատրություն. Դատական դեպարտամենտից՝ 13 մլն 958 հազար դրամ, Սլավոնական համալսարանից՝ 18 հազար 750 դրամ, Արդարադատության ակադեմիայից՝ 87 հազար 114 դրամ, ԵՊՀ-ից՝ 1 մլն 596 հազար դրամ, Եվրասիա միջազգային համալսարանից՝ 43 հազար 725 դրամ եւ նույն համալսարանի Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 48 հազար 750 դրամ։
Դատավորը ԿԳՄՍ նախարարության բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեից ստացել է 38 մլն 500 հազար դրամ։
Փաստաբանների պալատից ստացել է 710 հազար 329 դրամ, ֆինանսների նախարարությունից՝ գրեթե 1,4 մլն դրամ։
Արդարադատության ակադեմիայից, Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից Կարեն Ամիրյանը ստացել է 300 հազար դրամ եկամուտ։
Ֆինանսական միջոցներից 5 մլն 790 հազար դրամը վարկեր են «Էվոկաբանկից» եւ «Կոնվերս» բանկից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 657 հազար դրամ։
Այս բաժնից պարզ է դառնում, որ դատավորը ունի երկու բնակարան։ Մասնավորապես՝ 4 մլն 268 հազար դրամի հիփոթեքային վարկը տրամադրվել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման» ծրագրի շրջանակում՝ բնակարան եւ ավտոկայանատեղի ձեռք բերելու համար, իսկ 40 մլն 906 հազար դրամը կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։
4
Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետի ընտրությունները դարձել են իշխանական համակարգի ներսում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Վերջին ամիսներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գրեթե բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է այդ հարցը՝ ինչպես Արգիշտի Մեխակյանին համայնքապետ դարձնել։
Ըստ աղբյուրների՝ իշխող ուժը գործի է դրել իր ողջ կուսակցական եւ վարչական ռեսուրսը. կիրակի օրը ՔՊ-ականները պետք է ամբողջ կազմով լինեն Էջմիածնում՝ թե՛ կուսակցության գրասենյակում, թե՛ տարբեր ընտրատեղամասերում։ Նպատակն է՝ վերահսկել ընտրական գործընթացը եւ համոզվել, որ ամեն ինչ ՔՊ-ի սրտով է լինելու։ Ճիշտ եւ ճիշտ՝ ՀՀԿ-ի օրոք կազմակերպված ընտրությունների նման, երբ պատգամավորները հաճախ իրենց թիկնազորով ընտրատեղամասերում էին կամ դրանց շուրջ՝ իրավիճակը վերահսկելու:
Իշխանական շրջանակում այժմ լարված սպասումներ են. քարոզարշավի վերջին օրերն են, եւ, ինչպես մեր աղբյուրն է ձեւակերպում, «բոլորը մեկ մարդու պես վազում են Էջմիածին»՝ մասնակցելու Մեխակյանի հաղթանակի ապահովմանը։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընտրարշավի ընդհանուր համակարգումն իրականացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ականների երբեմնի սիրելի Վահրամ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար զեկուցում են վարչապետին ընթացքի մասին եւ վստահեցնում, որ ընտրական գործընթացում խնդիրներ չեն սպասվում։
Մինչդեռ իրավիճակը հետեւյալն է. համացանցը հեղեղված է միջնորդավորված ընտրակաշառքների դեպքերով. մեկ մի բարերար է կերուխում կազմակերպել ( https://www.facebook.com/reel/3723402761295883 ), մեկ ՔՊ-ի դպրոցի տնօրենն է Մեխակյանի համար բարեգործություն անում՝ ձայն հավաքում, մեկ «Մակարյան նյուզը» տեսանյութ է հրապարակում, թե մի կին ինչքան գոհ է Մեխակյանից, որ իր տունը նորոգում ու սարքում է, եւ տեսանյութում խոստանում է ընտրել Արգիշտի Մեխակյանին ( https://www.facebook.com/watch/?v=1147045830954249 ):
Ահա այսպես՝ «հին ձեւերով», հեղափոխական իշխանությունը «տյունինգ» արված ընտրությունների է մասնակցում. ընտրակաշառքը տալիս են միջնորդներով:



















































































