Armenian text to speach

«ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԷՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԱՇՈՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակներում զրուցել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Վերջինս ներկայացրել է ՀՀԿ-ի կառավարման շրջանի ձեռքբերումները եւ ձախողումները, ինչպես նաեւ անդրադարձել Նիկոլ Փաշինյանին իշխանության «բերելու» մասին մեղադրանքներին:

 

-Պարո՛ն Աշոտյան, կար ժամանակ, որ դժվար էր պատկերացնել, թե նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ (խոսքը հենց Արմեն Աշոտյանի մասին է խմբ.), ով երբեւէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված չի եղել, կարող է հայտնվել կալանքի տակ, այնուհետեւ կրել էլեկտրոնային հսկող սարք («բրասլետ»)։ Երբեւէ պատկերացրե՞լ էիք, որ կարող եք նման կարգավիճակում հայտնվել։

-Երբ իշխանության էինք՝ իհարկե ոչ։ Ցանկացած իշխանություն, անգամ ամենաարդյունավետը, այնուամենայնիվ, սկզբում կտրում է եւ ոտքերդ, եւ հետո գլուխդ։ Բայց եթե խոսում ենք այսօրվա ռեժիմի մասին, ապա պետք է ասեմ՝ նրանք բացարձակ այլասերված ռեժիմ են։

Երբ 2018-ին առաջին անգամ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու, մենք չտրվեցինք համաժողովրդական ճնշմանը եւ դեմ քվեարկեցինք։ Այդ պատճառով այսօր պարզապես զավեշտալի է լսել մեղադրանքներ, թե մենք ենք Փաշինյանին «բերել իշխանության»։ Ինչքան խոր պետք է լինի բարոյական անկումը, որ այդքանից հետո մարդիկ դեռ իրենց սխալը չընդունեն։

Երբ Փաշինյանի ընտրվելուց հետո հայտարարեցի, որ Հանրապետական կուսակցությունը լինելու է ընդդիմություն, արդեն պարզ էր, թե ինչպիսի միջավայրում ենք գործելու։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ կանխատեսում էի այսպիսի ծավալի քաղաքական ռեպրեսիաներ։ Առաջին խոշոր ահազանգը դրա մասին Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացված հակաիրավական եւ քաղաքական հալածանքն էր՝ նրա անազատությունը։

Հետապնդումների, կալանավորումների երեւույթն այնպիսին է, որ մինչեւ անձամբ քեզ չի հասնում, չես գիտակցում՝ ինչպիսի վախ կարող է առաջացնել, որ դա կարող է հասնել նաեւ քեզ։ Հետո սկսեցին կալանավորել իմ քաղաքական գործընկերներին, եւ նրանց նկատմամբ բռնաճնշումներ կիրառել։ Իսկ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո՝ իր իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը մինչեւ այսօր պատրաստ է ամեն քայլի։

Իմ կալանքի եւ էլեկտրոնային հսկող սարքի մասին խոսել չեմ ուզում։ Դա ճիշտ չեմ համարում։ Ինձ հանիրավի են ճնշել, եւ այդ շինծու իրավական գործընթացը մինչ օրս շարունակվում է։ Բայց չեմ ուզում տպավորություն թողնել, թե դրա մասին խոսում եմ՝ տեսախցիկի առջեւ։ Ես այդ մարդը չեմ։ Կարծում եմ՝ ունկնդիրներն էլ կհասկանան։

-Պարո՛ն Աշոտյան, ՀՀԿ-ի իշխանության տարիներին թերություններ միշտ եղել են, դրա մասին բազմիցս է խոսվել։ Դուք գուցե հրապարակավ չեք արտահայտվել, բայց անթաքույց տեղյակ էիք՝ ինչ է կատարվում։ Ինչո՞ւ չկանխեցիք, որպեսզի չհասնեիք այն իրավիճակին, երբ քաղաքացիները դուրս եկան Հանրապետության հրապարակ՝ պահանջելով ՀՀԿ-ի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

-Ճիշտ հարց է։ Ցանկացած երկրում եւ ցանկացած իշխանության օրոք թերություններ լինում են, եւ Հայաստանը բացառություն չէր։ Բայց երբ համեմատում ենք մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը եղած իրավիճակը հետխորհրդային մյուս երկրների հետ, այդ համեմատությունը հստակ ցույց է տալիս, որ մենք զիջում էինք միայն մերձբալթյան երկրներին՝ կառավարման արդյունավետությամբ, բարեփոխումների մակարդակով, կոռուպցիայի դեմ պայքարի փորձով։

Եվ ամենակարեւորը՝ խորհրդային համակարգի փլուզման ժամանակ մենք միակ ժողովուրդն էինք, որ ազատագրական պայքարի մեջ մտանք եւ ազատագրեցինք մեր հողերը։ Ոչ մի այլ ժողովուրդ խորհրդային փորձությունից այդպես պատվով դուրս չէր եկել։ Եվ այսօր, եթե նժարի վրա դնենք այդ հաղթանակը, իմ ընկալմամբ՝ այն գերակշռում էր բոլոր այն ընթացիկ խնդիրներին, որոնք, իհարկե, կարող էինք լուծել եւ ավելի հեշտությամբ։

Ինչպես նախագահը մի առիթով ասաց՝ երկրի անվտանգությունը իր համար եղել է առավել կարեւոր, քան որեւէ այլ ոլորտ։ Դա չէր նշանակում, թե ներքին խնդիրները մեզ համար աննշան էին, պարզապես նախագահը առաջնահերթ էր համարում արտաքին ազատությունն ու անվտանգության ապահովումը, եւ թերեւս այդ հարցում չէր սխալվում։ Մեր իշխանությունը փորձում էր էվոլյուցիոն, բարեփոխումների ճանապարհով լուծել Հայաստանի խնդիրները։

Շարունակությունը՝ օրաթերթի հաջորդ համարում (13.11.2025)

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս