ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն` 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով եւ կազմել ՀՆԱ-ի նկատմամբ 37.5%: Եթե հաշվի առնենք, որ խոսքը շուրջ 4,5 միլիարդ դոլարի մասին է, ապա պարզ է դառնում, որ անգամ 1 տոկոսի ավելացումը հսկայական թիվ է կազմում: Հետևաբար` նույնչափ մեծ պետք է լինի այն պաշտոնյաների պատասխանատվությունը, որոնց սխալ հաշվարկների կամ, պարզապես, կոռումպացվածության արդյունքում ՀՀ շարքային քաղաքացիներից յուրաքանչյուրի պարտքը տարեցտարի նվազելու փոխարեն` ավելանում է:
Օերերս հրաժարական տվեց երկրի տնտեսության թիվ մեկ պատասխանատուն` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գաղտնիք չէ, որ հենց նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի արտաքին պարտքը գրեթե եռապատկվեց: Ու եթե սկզբնական փուլում դա արդարացվում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ապա վերջին տարիներին արդեն ՀՀ պարտքի աճը պարզապես ապաշնորհ կառավարման արդյունք էր: Ուստի երբ Տ. Սարգսյանը հրաժարական տվեց, այն էլ` մի իրավիճակում, երբ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում էին անվստահություն հայտնել կառավարությանը, սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը հանրությանը կներկայացնի, թե ինչու որոշեց Տ. Սարգսյանին պաշտոնանկ անել (բնականաբար` որևէ մեկը չի հավատում, որ հրաժարականի որոշումը Տ. Սարգսյանինն էր):
Սակայն Ս. Սարգսյանը ոչ միայն իր նախկին վարչապետի մասին որևէ թթու խոսք չասաց, այլև նոր վարչապետին պատգամեց շարունակել սկսված «բարեփոխումները», այդ թվում և` վիճահարույց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Ավելին` նա անմիջապես հայտարարեց, որ Տիգրան Սագսյանն առաջիկայում անցնելու է «չափազանց կարևոր դիվանագիտական աշխատանքի»:
Թե ինչու Ս. Սարգսյանը չփորձեց Տ. Սարգսյանին իր ձախողումների համար գոնե հրապարակավ քննադատել և այդպիսով փրկել իր գահավիժող վարկանիշը, ունի շատ պարզ բացատրություն: Ս. Սարգսյանը չէր կարող այդչափ նեղացնել Տ. Սարգսյանին, քանի որ նրա հետ կապված է բազմաթիվ թելերով, և խոսքը, բնականաբար, ոչ թե մարդկային կամ զգացմունքային, այլ շատ կոնկրետ նյութական եւ գործարքային թելերի մասին է: Բայց ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Ս. Սարգսյանին առանձնապես չի հուզում, թե ինչ է իր մասին մտածում ժողովուրդը, որպեսզի նրա առջեւ հաշվետու լինելով` գնա ոհմակային մտածողության տեսանկյունից նման վտանգավոր քայլի:
Դե իսկ մնացած քաղաքական ուժերի համար էլ արդեն լիուլի բավական է այն, որ նրանք կարող են գլուխ գովել, թե իրենց գործադրած ճնշման արդյունքում էր, որ Ս. Սարգսյանը հանեց վարչապետին:
Արդյունքում հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանում անգամ միլիոնավոր դոլարների վնասներ տված պաշտոնյայի համար առավելագույն պատիժը աթոռը կորցնելն է: