Armenian text to speach

ՈՐՈՇՈՒՄ` ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շենգավիթի նախկին ՔՊ-ական թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի գործով նախաքննությունը ավարտվել է։ Գործը վերաբերում է ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանի ծեծին։

 

Մակարյանի ազատությունը սահմանափակելու համար մեղադրյալի աթոռին էր հայտնվել Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Օրերս դատարանը փոխել է նրա խափանման միջոցը. տնային կալանքի փոխարեն կիրառվել է վարչական հսկողություն՝ բացակայելու արգելքով։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Մկրտչյանը 2024 թվականի հունիսի 10-ին հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին։ Նա Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին՝ ընդամենը 26 տարեկանում։

Ըստ քննության նյութերի՝ Ռազմիկ Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել իր նախկին աշխատակցին՝ Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին։ Վերջինս նախկինում աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն, Մկրտչյանի հետ լարված հարաբերությունների պատճառով, ամիսներ առաջ ազատվել էր աշխատանքից։

Կոնֆլիկտը ծագել էր այն ժամանակ, երբ թաղապետը հանձնարարել էր քանդել համայնքի մի շինություն, սակայն Մակարյանը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ սեփականատերն իր հարեւանն է, եւ ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատակից զբաղվի, որպեսզի ինքը վատամարդ չդիտվի։ Թաղապետը առարկել էր, ինչից հետո Մակարյանը դիմում էր գրել ազատման մասին։ Դրանից հետո, ըստ վկաների, Մկրտչյանը սկսել էր խոչընդոտել Մակարյանի կազմակերպած կուսակցական հավաքները։ Ծեծկռտուքի առիթը, ըստ մեղադրանքի, դարձել է այն, որ Մակարյանը Մկրտչյանի հասցեին հայհոյախառն արտահայտություններ էր արել նրա մտերիմներից մեկի ներկայությամբ։ Թաղապետը հորդորել էր այդ մտերիմին Մակարյանին իր տուն հրավիրել՝ իբր կուսակցական հարցեր քննարկելու պատրվակով, որտեղ էլ մի քանի հոգով հարձակվել էին նրա վրա եւ ծեծել։

Դեպքից հետո մի քանի օր ոստիկաններ էին հերթապահում Մակարյանի տան մոտ, քանի որ, ըստ տեղեկությունների, Մկրտչյանը նրան սպառնացել էր՝ ասելով, որ «դրանով չի ավարտվելու»։

Այս միջադեպը լայն քննարկման առարկա էր դարձել կուսակցական շրջանակներում, եւ, ըստ տեղեկությունների, հարցը բարձրացվել էր ՔՊ-ի նիստում։ Լուրը հասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի հրահանգով էլ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել էր։ Չնայած ծեծկռտուքը խմբակային բնույթ էր կրել, սակայն կալանավորված է եղել միայն Ռազմիկ Մկրտչյանը։ Ի դեպ, ասում են՝ նրա քաղաքական հովանավորն Արայիկ Հարությունյանն է, որը նույնպես Շենգավիթ համայնքից է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս