Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են այն մասին, որ նոյեմբերի 10-ի առավոտից մարզի քաղաքապետարանի աշատակիցները փորձել են գյուղի խաչքարերը ապամոնտաժել։
Տեղեկության իսկությունը պարզելու համար մենք զրուցել ենք համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը։
Համայնքի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանից նախօրոք տեղեկացրել են, որ գալու են խաչքարերն ապամոնտաժելու: Պատճառը, ինչպես համայնքապետին են հայտնել, եղել է այն, որ խաչքարերը փակում են եկեղեցու արտաքին տեսքը, եւ դրանք պետք է հանեն, որպեսզի եկեղեցին տեսանելի լինի։
Համայնքապետ Զաքարյանը հայտնեց նաեւ, որ իր տեղեկություններով՝ որոշումը քաղաքապետարանին ներկայացրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:
Հետաքրքիր է սակայն այն, որ Լուսագյուղում հոգեւոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանա Սարգսյանն էլ մեզ հայտնեց, որ հրամանը մեկ այլ տեղից է փոխանցվել:
«Հրամանը ՀՀ վարչապետի աշխատակազմից է եկել: Համայնքապետարանը, գյուղի ժողովուրդը հավաքվել են եւ թույլ չեն տվել բարձրանալ (խաչքարերը ապամոնտաժող աշխատակիցներին – խմբ.), հասնել խաչքարերին: Գյուղացիները ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի դիմում բողոք ներկայացնեն՝ մշակութային ժառանգությունը ապամոնտաժելու դեմ», – ասել է նա:
Տեր Սարգիսը նշեց նաեւ, որ այդ որոշումը եկեղեցուն չեն ուղարկել, պատճառը, հավանաբար, Մայր աթոռին չպատկանելու հանգամանքն է, ուստի ինքը՝ որպես տեղի հոգեւոր հովիվ, կանգնել է իր ժողովրդի կողքին: Որոշման վերաբերյալ նա այլ մանրամասներ չհայտնեց:
Այս իրողության ֆոնին հարկ ենք համարում հիշեցնելու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ, որը տեղի էր ունեցել նախանցած տարի:
Փաշինյանն ասել էր. «Ուր գնում ենք, ասում են՝ եկեք խաչքար դնենք: Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քա՛րշ տվեք, երեխե՛ք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվե՛ք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք:
Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզից խաչքարերը կախե՞նք, հա՞: Ո՛չ զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»:
Փաստացիորեն այս իրավիճակի ֆոնին զարմանալի չէ, որ մեկ տարի անց վարչապետի անուղղակի հրահանգը ի կատար է ածվում այսօր:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
«ԱՐՄՍԱԹ-1»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐ. ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է
Տիեզերք ուղարկված հայկական առաջին «Արմսաթ-1» արբանյակի եւ ընդունիչ կայանի ձեռքբերման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով:
«Արմենպրես» լրատվականի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
2024 թվականի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հայաստանի «Արմսաթ-1» արբանյակը տիեզերք էր ուղարկվել 2022 թվականի մայիսին։ Դա տեղի էր ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: 2025 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը եւ մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ։
Նախարարը նշել էր, որ 3.5 տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ: «Արմսաթ-1» արբանյակի առաքելության առանցքային հաջորդ ձեռքբերումն այն է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռվել վերապատրաստել մասնագետների եւ ձեւավորել մասնագիտական խմբի այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել հաջորդող ծրագրերի նախագծումը, իրականացումը, արբանյակի կառավարումը, տվյալների ստացումն ու մշակումը:
Մխիթար Հայրապետյանը հավելել էր, որ «Արմսաթ-1»-ի առաքելության ընթացքում ստացված փորձը եւ ձեռք բերված տվյալներն արդեն իսկ օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման եւ հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Իրինա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:56-ին, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Այս քրեական գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ու կանխատեսելի է, թե կնոջը ինչ է սպասվում:
Ամենից տարօրինակն այն է, թե երիտասարդ կինն ի՞նչ գործողություն պետք է աներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ, որ նրան կանգնեցնեին մեղադրյալի աթոռին։
Հիշեցնենք Ալեն Սիմոնյանի շուրջ տեղի ունեցած դեպքը դեռ 2023 թվականին: Քաղաքացի Կարեն Մկրտչյանը պատմել էր, թե ինչ է տեղի ունեցել. «Քայլում էի Կասկադում, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել, երբ նկատեցի անվտանգության աշխատակիցներին, ովքեր սկսեցին հավաքվել: Տեղեկացա, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է այդտեղ։ Մոտեցա նրան ու մի քանի անգամ բնութագրեցի իր իսկ տված բնորոշումով՝ որ նա դավաճան է։ Այդ պահին ինձ մոտեցան ՊՊԾ աշխատակիցներ, բռնեցին ձեռքերիցս, ու Ալեն Սիմոնյանն ասաց՝ «դավաճանը մամադ է» ու թքեց դեմիս։ Այնուհետեւ ինձ պառկեցրին գետնին եւ տարան ոստիկանական բաժանմունք»:
Այս դեպքը վեր հանելով՝ առաջանում է հարց. ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությամբ Ալեն Սիմոնյանին չեն կանչել պատասխանատվության: Սա հերթական վկայությունն է ընտրովի արդարադատության։



















































































