Նոյեմբերի 10-ին՝ երկուշաբթի, հայտարարվեց 2025 թվականի Բուքերյան միջազգային գրական մրցանակի դափնեկրի անունը։ Մրցանակին արժանացավ հունգարա-բրիտանացի գրող Դեյվիդ Սոլոյը՝ իր «Մարմին» («Flash») վեպի համար։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Վեպը սկսվում է ցնցող միջադեպով. դեռահաս Իշտվանը, ապրելով մոր հետ Հունգարիայի բազմաբնակարան համալիրներից մեկում, դառնում է իր շրջապատում տեղի ունեցած դրամատիկ իրադարձության ականատեսը։ Հետագայում հեղինակը ներկայացնում է նրա կյանքի ճանապարհը՝ ծառայությունը բանակում, ապա՝ տեղափոխությունը Լոնդոն, որտեղ նա սկսում է աշխատել բավականին հարուստ մարդկանց համար։ Կարճ ու խտացված արձակով գրված վեպը, ըստ մրցանակի կայքում ներկայացված բնութագրի, ուսումնասիրում է տղամարդկայնության, դասային պատկանելիության, միգրացիայի, հոգեբանական տրավմայի, սեքսուալության եւ իշխանության թեմաները։
«Դատավորները լավագույն վեց գործերի շուրջ քննարկում են իրականացրել ավելի քան հինգ ժամ։
Այն գիրքը, որին մենք անընդհատ վերադառնում էինք, եւ որն առանձնանում էր մյուս հիասքանչ վեպերից, հենց «Մարմինն» էր։ Այն եզակի ստեղծագործություն է. նման բան երբեք չէինք կարդացել։ Շատ առումներով մռայլ գիրք է, բայց կարդալն իսկական հաճույք է», – ասել է Բուքերյան մրցանակի ժյուրիի նախագահ Ռոդի Դոյլը։
«Մարմին»-ը Դեյվիդ Սոլոյի վեցերորդ գեղարվեստական ստեղծագործությունն է։ Նա առաջին անգամ Բուքերյան մրցանակի շորթլիսթում էր հայտնվել դեռեւս 2016 թվականին։
Բացի Ռոդի Դոյլից, ժյուրիի կազմում ընդգրկված էին Բուքերյան մրցանակի դափնեկիր, վիպագիր Այոբամի Ադեբայոն, դերասանուհի, պրոդյուսեր եւ հրատարակիչ Սարա Ջեսիկա Փարքերը, գրող, հեռուստահաղորդավար եւ գրական քննադատ Քրիս Փաուերը, ինչպես նաեւ The New York Times-ի բեսթսելերների հեղինակ եւ Բուքերյան մրցանակի դափնեկիր Քայլի Ռիդը։
Ժյուրին այս տարի ուսումնասիրել է մրցույթ ներկայացված 153 գիրք։
Հավելենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան Լոնդոնում կայացած արարողության ժամանակ Սոլոյը նաեւ ստացել է 50 000 ֆունտ ստեռլինգ պարգեւատրություն։
Բուքերյան մրցանակը շնորհվում է ամեն տարի անգլերեն լեզվով լավագույն գրքին՝ անկախ հեղինակի քաղաքացիությունից։ 2024 թվականին հաղթող է ճանաչվել բրիտանացի գրող Սամանթա Հարվին՝ իր «Ուղեծրում» վեպով։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































