«Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Վերջինս ներկայացրել է ՀՀԿ-ի կառավարման շրջանի ձեռքբերումները եւ ձախողումները, խոսել Հայաստան-ԵՄ կապերի մասին ՀՀ երրորդ նախագահի կառավարման շրջանում եւ անդրադարձել մի շարք այլ հարցերի, որոնց մասին նախկինում բարձրաձայնելու առիթներ չեն եղել:
Հարցազրույցի առաջին հատվածը՝ օրաթերթի նախորդ՝ 3187 համարում:
Արմեն Աշոտյան.
-Երբ Հայաստանը սկսեց ասոցացման համաձայնագրի բանակցությունները՝ Եվրոպական միության Արեւելյան գործընկերության մյուս երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի շարքում, մենք մեկ-երկու տարվա ընթացքում դարձանք բարեփոխումների չեմպիոն։ Սա եվրոպացիների խոսքն է՝ ուղղված մեզ։ Երբ 2017 թվականին ստորագրվեց ՍԵՊԱ-ն, այնտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասով մեզ հաջողվեց Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված հայկական դիրքորոշումները՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, դարձնել լուծման պարտադիր սկզբունք ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համար (այն ժամանակ Մեծ Բրիտանիան դեռ չէր լքել ԵՄ-ն)։ Բացի դրանից, ՍԵՊԱ-ն երկրի բոլոր ոլորտների բարեփոխումների հստակ քարտեզ էր, որը մենք ստացել էինք դեռ 2017-ին։
Մենք ստանձնել էինք պարտավորություն՝ այդ բարեփոխումները կյանքի կոչելու, սակայն 2018-ին ոչ միայն չհասցրինք դա, այլեւ, ինչպես տեսնում եք, գործող իշխանությունը դրանք տոտալ տապալեց։ Ահա թե ինչու եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ հայտարարում է, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն եւ այլն։ Բազմաթիվ փաստարկներից բացի՝ կա եւս մեկը. դեպի ԵՄ գնացող երկիրը պետք է իրական բարեփոխումներ իրականացնի, իսկ այդ բարեփոխումների հիմքում պետք է լինի համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։ Այդ ստանդարտները հստակ ամրագրված են ՍԵՊԱ փաստաթղթում, որի նպատակը այս ճանապարհային քարտեզով շարժվելն ու մոտարկվելն է Եվրոպական միությանը։
Սակայն փաստն այն է, որ ՍԵՊԱ-ի իրականացումը մինչ օրս կատարված է ընդամենը 40 տոկոսով։ Այսինքն՝ ԵՄ-ին մոտենալու, բարեփոխումներ իրականացնելու ուղին ամբողջությամբ կանգ է առել։ Իսկ ԵՄ-ին ձգտող, բարեփոխվող երկիրը պետք է ամեն ինչ մի կողմ դնի ու զբաղվի հենց այդ գործընթացով։ Այժմ հարց եմ տալիս. «բարեփոխումներ» եւ «Նիկոլ Փաշինյան»՝ կարելի՞ է այս երկու բառերը մեկ նախադասության մեջ դնել։ Ո՞ր մեծածավալ ծրագիրն է նա իրականացրել մինչեւ վերջ։ Չկա գեթ մեկը։
-Պարո՛ն Աշոտյան, ըստ Ձեզ, ժողովուրդը չհասկացա՞վ ձեզ, երբ դուրս եկավ այն ժամանակ գործող իշխանության դեմ։
-Իհարկե, այդ թեմայով շատ ենք վերլուծել եւ ընդունել մեր սխալները։ Սերժ Սարգսյանը դեռ 2019 թվականին՝ Զագրեբում ունեցած իր ելույթի ընթացքում, ասել է, որ այդ ամենում եղել են նաեւ մեր սխալները։ Այսինքն՝ երրորդ նախագահը հրապարակավ խոստովանել է իր կառավարման շրջանի թերացումները։
Պատճառները, իհարկե, բազմաթիվ էին։ Դրանցից մեկը այն էր, որ մենք թերագնահատել էինք ժողովրդի հոգնածության աստիճանը, ինչպես նաեւ ժամանակակից քաղաքական շփման, PR տեխնոլոգիաների ու սոցիալական մեդիայի ազդեցությունը։ Թող դա անմամեստ չհնչի, բայց պետք է նշեմ, որ դեռ տարիներ առաջ՝ քաղաքական ակտիվ գործիչներից առաջիններից էի, եթե ոչ առաջինը, ով մտել էր «Ֆեյսբուք»։ Մի ժամանակ նույնիսկ ամենաշատ հետեւորդներ ունեցող հայ օգտատերերից էի։ Երբեք չեմ խուսափել նաեւ բողոքի ակցիաներին ներկա գտնվելուց։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ քննարկումների տեղիք կարող էր դա տալ, ես համոզված էի, որ ժամանակները փոխվում են։
Ինձ հաճախ էին քննադատում՝ «Աշոտյան, դու Կրթությա՞ն նախարար ես, թե՞ ֆեյսբուքյան»: Մարդիկ չէին գիտակցում, որ քաղաքական հաղորդակցության մեթոդներն արդեն փոխվում էին։ Ես դա զգում էի՝ լինելով այդ ժամանակ ավելի երիտասարդ եւ կրթության ոլորտում աշխատանքի բերումով մշտապես երիտասարդների հետ շփման մեջ լինելով։ Գուցե երբեմն չափազանցում էի սոցիալական հարթակներում ներկայությունը, ինչը այդ ժամանակվա նախարարների համար անսովոր էր, բայց այդ անմիջականությունը՝ հետեւորդներին պատասխանելը, նրանց հետ շփվելը, գիտեի, որ ապագան է։
Մեկ այլ պատճառ էլ այն էր, որ որպես նորանկախ Հայաստանում ձեւավորված առաջին անկախ քաղաքական ուժ՝ որոշ փուլում կորցրինք կապը իսկական կուսակցականների հետ։ Հետո էլ խանգարեցին նրանք, ովքեր ՀՀԿ էին մտել՝ սեփական օրակարգերն առաջ մղելու եւ իշխանական լծակները օգտագործելու նպատակով։
-Պարո՛ն Աշոտյան, խոսելով Քոչարյան-Սարգսյան հակամարտության մասին, ինչ եզրակացություն կարելի է անել, ինչ ամփոփ միտք կասեք դրա վերաբերյալ։
-Նրանք կարող են կիսել մեկ բան՝ Հայաստանի այս վիճակից դուրս գալու պատասխանատվությունը՝ միասին, իրական ընդդիմադիր, արժեքներով ու գաղափարներով իրենց համարժեք մարդկանց հետ։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ



















































































