«Արցախահայության շրջանում տարածված է այն համոզմունքը, որ 2026 թվականին, հատկապես մինչեւ ամառ՝ համապետական ընտրությունների նախաշեմին, Բաքվից տեղի կունենա գերիների վերադարձ»։
Նրանք համոզված են Նիկոլ Փաշինյանը սա եւս գործիք է դարձնելու՝ ընտրազանգված ապահովելու համար։ Արցախցիները նաեւ համոզված են, որ եթե գերիների վերադարձ լինի, ապա նրանց թվում բացառվում է լինեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից գոնե մեկը։
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր կոչերը, որոնք ուղղված են «Ղարաբաղից մեր քույր ու եղբայրների Հայաստանում տնավորվելուն», պայմանավորված են ընտրական հանգամանքով։ Փաշինյանն այս կերպ փորձում է «սիրաշահել» արցախահայությանը՝ ընտրություններին դեպի իր կողմ քաշելու նպատակով, քանի որ վեց ամիս, մեկ հասցեում մշտական գրանցում ունենալու դեպքում, արցախցիները եւս կկարողանան մասնակցել ընտրություններին»։
Սակայն հարկ ենք համարում նշել, որ արցախցիներն ունեն բավականին ընդգծված բացասական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների նկատմամբ։
Վերադառնալով Բաքվում պատանդառված մեր գերիներին՝ տեղեկացնենք, որ նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաքվում գտնվող գերիների խնդրին, նշել է. «Ամենօրյա աշխատանք ենք անում գերիների հարցի ուղղությամբ, ես, կարծում եմ, որ եթե լինի խաղաղություն, մնացած բոլոր հարցերն էլ կլուծվեն», – ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատել է 23 գերիների մասին, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում մեր գերիների թիվը հասնում է շուրջ 80-ի։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































