Armenian text to speach

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։

 

Իրավապահ համակարգից մեզ հայտնի էր դարձել, որ հոգեւորականներին հորդորել էին  նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։

 

Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել

ու ինչ է սպասվում հոգեւորականներին.

ArmLur.am-ին հայտնի են դարձել, թե որ հոգեւորականներն են հարցաքննվել Քննչական կոմիտեում։

Մասնավորապես, Քննչական կոմիտե են հրավիրվել Հայր Շնորհքը, Տեր Մուշեն, Տեր Մկրտիչը, Տեր Զորայրը, Մուշեղ սրբազանը (Մայր Աթոռ), Հայր Ռուբենը (Մայր Աթոռ)։

Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգեւորական կանչվել են ՀՀ Քննչական կոմիտե։

Նրա խոսքով՝ նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ «Նրանք վկայի կարգավիճակով են», – հայտնել է  Զոհրաբյանը։

Փաստաբանը նշել է, որ Քննչական կոմիտե են կանչել ոչ միայն քահանաների, այլեւ բարձրաստիճան հոգեւորականների։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին գրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ  կոմիտեում հարցաքննությունը կարճ է տեւել։ Ավելին, երբ արքեպիսկոպոսին հարցրել են՝ ի՞նքն է խոսում նշյալ ձայնագրության մեջ, նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության կապակցությամբ  ասելիք չունի։

Հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի վերաբերյալ։ Հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգեւորականներ ընդվզել են։

«Ժողովուրդ»-ը դիմեց Գլխավոր դատախազություն. ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացանք, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։

Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը.

Մեր տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդարանի հաշվապահը։

Համացանցում առկա ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակում քննություն իրականացվի: Այդ գործի առնչությամբ էլ հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս