Armenian text to speach

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, այսօր ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը պետք է քննի Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը կալանքի դեմ։

 

Ո՞վ է դատավոր Կարեն Ամիրյանը

եւ ի՞նչ գործեր է նա քննել

 

Դատավոր Կարեն Ամիրյանին է մակագրվել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ բողոքը. վերջինս շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատավոր Ամիրյանը նաեւ քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործը։

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցին դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել էր նաեւ դատախազի բողոքը եւ անփոփոխ էր թողել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ 2024 թվականի դեկտեմբերին փաստաբան Արա Զոհրաբյանն ու մի խումբ այլ փաստաբաններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ սկսել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ կոռուպցիոն բնույթի հնարավոր արարքների վերաբերյալ։ Դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել էին դիմումը, իսկ 2025 թվականի փետրվարին դատարանը մերժել էր նաեւ բողոքը։

Վերջապես, 2025 թվականի ապրիլի 3-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ Վահե Հովհաննիսյանի դեմ քրեական վարույթը մերժելու որոշումը եւ պարտավորեցրել էր վարույթ սկսել։

 

Սամվել Կարապետյանի կալանքի

երկարաձգման հարցը

Հոկտեմբերի 18-ին լրացել էր բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, սակայն նրա կալանքը կրկին երկարաձգվել է՝ արդեն երրորդ անգամ։ Կարապետյանի պաշտպանը նշել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում «չէր հաղթահարել» հիմնավոր կասկածի շեմը։

«Դատարանը, սակայն, միայն մեկ դրվագում գտել էր հիմնավոր կասկած՝ Կարապետյանի արտահայտած կոչի վերաբերյալ», – ասել էր պաշտպանը՝ Արամ Վարդեւանյանը։

Արձագանքը վերաբերում է գործարարի այն հայտարարությանը, որը քննության նյութերում ձեւակերպվել է որպես «Մեր ձեւով գործընթացին մասնակցելու կոչ»։ Այն կապ ունի Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումների գործընթացների հետ։ Դատավոր Տիգրան Դավթյանը «փողերի լվացման» եւ «թալանի» թեմաները «մաքրել» է Սամվել Կարապետյանի վրայից՝ թողնելով միայն նրա արտահայտած կարծիքն ու «Մեր ձեւով»-ը իր համատեքստում։

 

Միայն կարծիքի համար՝ կալանք

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննություն, որպես այդպիսին, փաստորեն չի տարվում։ Բարերարը ամիսներ շարունակ գտնվում է բանտում՝ բացառապես իր արտահայտած կարծիքի պատճառով։

Նոյեմբերի 18-ին լրանում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի սահմանված օրը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը ներքին հրահանգ է տվել՝ սահմանված ժամկետի լրանալուց օրեր առաջ միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը ներկայում պատրաստվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասով դիմել դատարան։

Իսկ թե ինչ է սպասվում Սամվել Կարապետյանին այսօր, ցույց կտա ժամանակը:

ՔնԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս