Armenian text to speach

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԱՎ, ՈՐ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին երկու օրերին Ազգային ժողովի դահլիճում նկատվել է լարված մթնոլորտ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, երկու օր անընդմեջ բախվեց իր թիմի «կազմակերպչական անուշադրությանը» եւ պոռթկաց։

Ընդամենը երկու օր առաջ կառավարության անդամների, պատգամավորների ներկայությամբ վարչապետը զայրացավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վրա, որը պետք է մոտենար ամբիոնին, բայց դահլիճում չէր։ Նիստը ընդմիջվեց։ Սակայն երեկ իրավիճակն ավելի բարդացավ։ Վարչապետը 10։01-ին արդեն ԱԺ-ում էր՝ իր կաբինետի հետ միասին, բայց դահլիճը գրեթե դատարկ էր։ ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ չէին ժամանել աշխատանքի: Ներկա ընդդիմադիրները չգրանցվեցին, եւ նիստը մոտ 10 րոպե տապալվեց։

Տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ Փաշինյանը, բացահայտ դժգոհ, նախատում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ ինքը Կառավարության նիստը տեղափոխել է վաղը, որպեսզի այսօր բյուջետային քննարկումները ավարտվեն, բայց իշխանական պատգամավորները չեն գալիս աշխատանքի, եւ  խորհրդարանում անկազմակերպ, խայտառակ վիճակ է։ Սա ցույց է տալիս, որ Սիմոնյանը չի կարողանում լիարժեք կատարել իր պաշտոնական պարտականությունը՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովելը։

Փաշինյանը ցուցադրական կերպով վերցրել է համակարգիչը, դուրս է եկել դահլիճից, իսկ Ալեն Սիմոնյանը խելոք հետեւել է նրան եւ ավելի ուշ միջանցքում ընդունել, որ  վարչապետն իսկապես բարկացել էր։ Սակայն այս պատմությունը միայն զայրույթի մասին չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ պատգամավորները հայտնեցին, որ վարչապետի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական բնույթ է կրում։ Նա երկու օր անընդմեջ նկատել է անլրջություն ԱԺ կառավարման գործընթացում: Մեզ բացատրեցին, որ նաեւ այդ պատճառով ԱԺ նախագահը ոչ մի դեր չունի ՔՊ-ի 2026-ի նախընտրական շտաբում։ Նախընտրական թիմում Փաշինյանը հենվում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ մամուլի հարցերով պատասխանատու Վահագն Ալեքսանյանի վրա, իսկ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի վրա։

Ալեն Սիմոնյանի թիմակից պատգամավորներն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հեր զրույցում բացատրում էին, որ պատգամավորներին դահլիճ բերելու պարտավորությունը ԱԺ նախագահին չի վերապահվում, այլ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի գործն է. այսինքն՝ իրենց գործում թերանում են Հայկ Կոնջորյանն ու թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը։

Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ առաջանալու է քաղաքական պատասխանատվության հարց, որը կարող է դրսեւորվել տարբեր կերպ: Սակայն ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը այլեւս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն. դա արդեն հաստատված փաստ են համարում հենց ՔՊ-ում։

 

 

 

2

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա, ինչպես սովորաբար, հստակ պատասխան չի տվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն է սպասվում, եւ Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Սիսակ Գաբրիելյանից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը կարճ պատասխանեց, թե լուրը իրականությանը չի համապատասխանում։ Նշենք, որ իշխանության ներսում՝ հատկապես կառավարությունում եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, առկա է դժգոհություն այն հանգամանքից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, ենթարկվել է պատասխանատվության կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացել է խուսափել որեւէ իրավական հետեւանքից՝ չնայած նրան, որ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է:

 

 

 

 

 

3

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցություննեդը ներկայացրել են հայտարարագիր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կուսակցությունը հայտարարագրել է 254 մլն 900 հազար դրամ՝ որպես պետական ֆինանսավորում Ազգային ժողովից: 276 մլն 482 հազար դրամ կուսակցությունը նվիրատվություն է ստացել։ Բացի այս նվիրատվությունից՝ կուսակցությունը նաեւ 10 հազար ԱՄՆ դոլար է ստացել, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» անդամավճարները կազմել են 123 մլն 93 հազար դրամ։ Ինչպես է ՔՊ-ն ստացել պետական ֆինանսավորում. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած եւ սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն եւ մեկ դաշինք 2024 թվականին ՀՀ պետբյուջեից ստացել են 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվել է գարնանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի համեմատ ֆինանսները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։ Եթե կուսակցության համար խորհրդարան անցնելու շեմը 5 տոկոս է, ապա դաշինքների դեպքում՝ 7 տոկոս, ինչի հիմքով նրանց տարեկան ֆինանսավորումը կազմում է համապատասխանաբար 3 եւ 5 տոկոս։ «Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստացել, քանի որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3-ը։ Հարկ է նշել, որ կուսակցությունը անշարժ կամ շարժական գույքեր չի հայտարարագրել, այդ թվում չեն հայտարարագրվել նաեւ թանկարժեք գույքեր։

 

 

 

 

4

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։ Ըստ աղբյուրների՝ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի համար «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։ Նոյեմբերի 22-ին նախատեսվում է կառավարությունում ընդհանուր հավաք, որի ընթացքում նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց գաղափարները, նախաձեռնությունները եւ առաջարկները՝ հանրությանը տրվելիք խոստումների ձեւաչափով։

 




Լրահոս