Armenian text to speach

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է, ՈՉ ԹԵ ՎԱՐՉԱՊԵՏ». ՀԱՅՐԻԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության հիմնադիր-առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր՝ նոյեմբերի 15-ին, պատրաստվում է իր իսկ տանը ուժային կառույցների նախարարների հետ հանդիպում անցկացնել՝ փաստերով ներկայացնելու նրանց, թե ինչ սահմանադրական կարգեր է խախտել Նիկոլ Փաշինյանը: Նա պահանջելու է արդար դատ՝ Նիկոլ Փաշինյանին կրկին բանտ ուղարկելու համար։

ArmLur.am լրատվականի տաղավարում Պարույր Հայրիկյանի հետ զրուցել ենք եկեղեցի-պետություն փոխհարաբերություններից, Արցախյան հիմնախնդրից եւ ընթացիկ այլ հարցերից։

-Պարո՛ն Հայրիկյան, հետաքրքիր է լսել Ձեր գնահատականը եկեղեցի-պետություն լարված հարաբերությունների վերաբերյալ։ Նախ հիշեցնենք, թե ինչ տեղի ունեցավ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ապա ժողովրդին կոչ արեց պատրաստ լինել հավաքվելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում՝ այնտեղից, ինչպես ինքն է ասել, «վեհարանը ազատագրելու համար»՝ «Վեհարանը վեհին» կարգախոսով։ Վերջերս էլ նա իր աջակցությունն է հայտնել կարգալույծ հռչակված, նախկինում Տեր Արամ քահանա Ստեփան Ասատրյանին եւ մասնակցում է նրա մատուցած պատարագներին։

-Հիմնականը հետեւյալն է. ամիսներ առաջ մի հոգի հայտարարեց, որ Կառավարության նիստում պետք է քննարկեն՝ արդյոք հնարավոր է առանց տղամարդու մասնակցության երեխա ունենալ։ Եթե տվյալ մարդը (Նիկոլ Փաշինյանը – խմբ.) նման բան է ասել, արդեն հասկանալի է, որ նա չի գիտակցում, թե ինչ է նշանակում Աստված։ Աստված նշանակում է ամենակարող։ Իսկ երբ այդ մարդը փորձում է խոսել աստվածաբանական հարցերի մասին, դա պարզապես անհեթեթություն է։

Պետական գործիչը պետք է հասկանա այն դավանաբանական ճշմարտությունը, որ «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»։ Փաշինյանը, սակայն, ներխուժել է մի ոլորտ, որը իրեն չի պատկանում՝ չհասկանալով, որ նույնիսկ եթե որեւէ հոգեւորական ինչ-որ կանոն խախտել է, դրա համար քրիստոնեությունը սահմանել է ապաշխարության հնարավորություն։ Յուրաքանչյուր կիրակի պատարագի ժամանակ կա խոստովանություն, եւ քրիստոնեությունը մարդուն որեւէ սխալի համար ոչ թե ոչնչացնում է, այլ տալիս է ապաշխարելու եւ առաջ շարժվելու հնարավորություն։

Ես՝ որպես Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցող գործիչ, ուզում եմ ընդգծել հետեւյալը. ի՞նչ իրավունք ունի պաշտոնալույծ Նիկոլ Փաշինյանը նման բան հայտարարելու։ Ես նրան պաշտոնազրկել եմ եւ առաջիկայում հրավիրելու եմ ուժային կառույցների ղեկավարներին՝ ներկայացնելու այն անառարկելի փաստերը, որոնք վկայում են, որ Փաշինյանը խախտել է սահմանադրական օրենքը եւ արդեն յոթ տարի ապօրինի կերպով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Նա դատարանի թեկնածու է, ոչ թե վարչապետ։ Այսինքն՝ դեռ ազատությունը վայելող, բայց քրեական հանցագործությունների համար պատասխանատվության ենթակա անձ։

-Բայց նա շարունակում է Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում։ Ձեր հայտարարությունը հնչում է խիստ, բայց արդյոք այն իրագործելի եւ իրատեսակա՞ն է։

-Առավել եւս, որ նա համարձակվում է իր օրինախախտ էությամբ ներկայանալ միջազգային հարթակներում։ Բավական է հիշել, թե ինչ ասաց՝ «Մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում»։ Սա նշանակում է, որ նա ուրացավ ժամանակակից քաղաքակրթության հիմք հանդիսացող ինքնորոշման սկզբունքը։ Այսինքն՝ միջազգային իրավունքի մակարդակով եւս նա սխալ է գործում։ Բայց քանի որ նա ներկայացնում է Հայաստանը, արտաքին կառույցները կարող են ասել՝ «դա ձեր երկրի ներքին գործն է, թող ժողովուրդը լուծի»։

Ուրեմն առավել եւս մեր խնդիրն է նրան պատասխանատվության ենթարկել։ Մենք պարտավոր ենք դա անել։ Պետք է ցույց տանք, որ նա մեր ներկայացուցիչը չէ։

-Պարո՛ն Հայրիկյան, վերադառնանք եկեղեցի-պետություն հարաբերություններին։ Այս իրավիճակը, Ձեր կարծիքով, արդյո՞ք կապված է սպասվող ընտրությունների հետ։

-Դուք դա բառացի չասացիք, բայց Ձեր հարցից ենթադրելի է. այո՛, այս ազգային խայտառակությունն էլ իր հերթին ունի մի մեծ նպատակ՝ երկարաձգել իր իշխանավարությունը։ Սակայն դա այլեւս ավարտված է։ Այն պահից, երբ «Ազգային համագործակցության կլոր սեղան» անունով հավաքականությունը հայտարարություն ընդունեց այս փաստի մասին, Փաշինյանը պետք է հասկանա, որ պաշտոնավարում է միայն իներցիայով։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 




Լրահոս