Armenian text to speach

ԵՆԹԱԴՐՅԱԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԱՌԱՋ ԵՎՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աբովյան քաղաքում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով պարզվել է, որ ենթադրյալ հանցագործը 14 տարի առաջ եւս մարդ է սպանել։

 

Նախ՝ ամենասկզբից։

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա՝ դանակի հարվածներ հասցնելով, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր։ Դանակահարությունը տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության եւ Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում, կանգառասրահի մոտ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանության համար մեղադրվող անձինք, որոնք երկու եղբայրներ են, մինչ օրս չեն հայտնաբերվել, եւ նրանց որոնումները շարունակվում են։

Սպանված երիտասարդի հարազաններից մեկը՝ Գ. Զեյնալյանը, անդրադառնալով դեպքին, գրել է. «Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի եւ քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձ բացահայտ հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դարձել էր նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետեւ դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։

Հարազատի խոսքերից կարելի է ենթադրել, որ ամիսներ առաջ Գինու փառատոնի ժամանակ Սարգիսի եւ ենթադրյալ մարդասպանի՝ Աշոտ Սոխրաբյանցի միջեւ վեճ է եղել, որն ավարտվել է ողբերգությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աշոտ Սոխրաբյանցին 2011 թվականին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ, կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, նրան հայտնել էր, թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս եւ տանը չի գիշերելու։ Սակայն նույն օրը՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, վերադարձել էր տուն, որտեղ հանդիպել էր կնոջը եւ Արթուր Դովլաթյանին։ Նա կրակել էր ատրճանակով, ապա ծալովի դանակով հարվածներ հասցրել Դովլաթյանին՝ սպանելով նրան։

Այս արարքի համար Սոխրաբյանցը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։ Դատավճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, սակայն երկու ատյաններն էլ թողել էին առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ։

Տարիներ անց՝ ազատություն ստանալով, նա կրկին հայտնվել է աղմկահարույց քրեական պատմության կենտրոնում՝ 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս