Armenian text to speach

ԲԴԽ մամուլի խոսնակը մասնակցել է CEELI ինստիտուտի աշխատաժողովին՝ դատական անկախության և հանրային վստահության թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մասնակցել է Չեխիայի CEELI ինստիտուտում անցկացվող «Դատական անկախություն, օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը» խորագրով աշխատաժողովին։ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, լրատվամիջոցների հետ համագործակցության փորձը, ինչպես նաև շվեդ գործընկերների աջակցությամբ ձևավորված դատարանների խոսնակների ինստիտուտը։

Նրա մասնակցությամբ պանելային քննարկման բանախոսներն էին ԵՄ արդարադատության դատարանի դատավոր Յան Պասսերը, Խորվաթիայի քաղաքացիական դատարանի դատավոր Դավոր Դուբրավիցան և Չեխիայի Գերագույն դատարանի փոխնախագահ Պետր Սուկը։ Քննարկման առանցքում էր թափանցիկության և էթիկայի բարձր ստանդարտները դատական անկախությանը համապատասխանեցնելու խնդիրը՝ հիմնված միջազգային և ազգային փորձի վրա։

Ծովինար Խաչատրյանը ներկայացրել է հստակ հաղորդակցման, հակասություններից խուսափելու և ուղերձների հասցեականությունը ապահովելու անհրաժեշտությունը։ Յան Պասսերը ներկայացրել է եվրոպական փորձը՝ նշելով, որ հանրային վստահությունը պահելու համար միջազգային դատարանները խիստ խուսափում են քաղաքական ենթատեքստից։ Դավոր Դուբրավիցանը խոսել է դատավորների վարքագծի միջազգային չափանիշների ու հանձնարարականների մասին՝ հիմնվելով Վենետիկի հանձնաժողովի, CCJE-ի և ՄԱԿ-ի Բանգալորյան սկզբունքների վրա։ Պետր Սուկը ներկայացրել է դատավոր-խոսնակի մոդելի առանձնահատկությունները և խոսել դատարանի անունից հանդես եկող դատավորների պատասխանատվության ու չեզոքություն պահպանելու կարևորության մասին։

Աշխատաժողովին մասնակցել են շուրջ 30 երկրից դատավորներ և հաղորդակցման մասնագետներ։ Քննարկվել է դատավորի կերպարի ձևավորման գործում լրատվամիջոցների դերը, հանրային հաղորդակցության հնարավորությունները և սահմանափակումները։ Մի շարք եվրոպական երկրների դատավորներ նշել են, որ դատավորը պարտավոր չէ պարզեցնել իրավական լեզուն, մինչդեռ Սլովենիայի, Սլովակիայի և Ռումինիայի ներկայացուցիչները հակադարձել են՝ ընդգծելով, որ դատավորները հաճախ կտրվում են հասարակությունից, ինչն էլ մեծացնում է քննադատության ռիսկը։

ՄԻԵԴ-ի հաղորդակցման համակարգող Իոհաննա Լաչանան հիշեցրել է հայտնի խոսքը՝ «Եթե դու սեղանը չես, դու մենյուն ես», ընդգծելով, որ դատական համակարգը պետք է ինքը ձևավորի իր հաղորդակցական դաշտը։ Հաղորդակցման մասնագետները ևս ընդգծել են, որ լռությունը կարող է վտանգավոր լինել, քանի որ տեղեկատվական դատարկությունը հաճախ լցվում է ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններով։

CEELI Institute-ը շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունը օրենքի գերակայության առաջխաղացումն է, հիմնարար իրավունքների պաշտպանությունը, թափանցիկ կառավարման խթանումը և հակամարտությունների խաղաղ կարգավորումը։




Լրահոս