ՀՅԴ-ն կմտածի ՕԵԿ-ի հետ համագործակցության մասին այն դեպքում, երբ վերջինս հստակ կհայտարարի իր ընդդիմություն լինելու մասին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
– Պարոն Ռուստամյան, ըստ Ձեզ ՕԵԿ-ն անկե՞ղծ է իր գործողություններում:
– Մենք հավատում ենք գործերին: Այստեղ հավատալու խնդիր չկա: Եթե իրենք ընդունեն մեր առաջարկած ծրագիրը` երկրի վիճակը փոխելու, որը յոթ կետերի մեջ է ամփոփված, համագործակցել հնարավոր կլինի: Ես չեմ համարում քաղաքականապես ճիշտ գնահատել որևէ մեկի անկեղծությունը:
– Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատեք ՕԵԿ-ից դուրս գալու նախարարների քայլը:
– Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ կուսակցություն չէին մտել որևէ գաղափարների համար, այլ պաշտոն զբաղեցնելու: Սա ակնհայտ է: Սա հենց պետք է մտահոգի այն կուսակցությանը, ում կարկառուն ներկայացուցիչներն իրենց շարքերում են միայն պաշտոնի համար: Սա շատ վատ է բնորոշում նման կուսակցությանը:
– Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո հայտարարություններ եղան, թե Կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: Այժմ չորս նշանակում է եղել, որից միայն մեկի դեպքում է փոփոխություն եղել: Դուք կադրային փոփոխությունների սպասու՞մ եք:
– Մենք միշտ առաջ ենք բերել քայլերը, ծրագրերը: Հիմա մենք դեռ չգիտենք, թե այս կառավարությունն ինչ ծրագրեր է անելու: Կարող է մարդիկ ամբողջովին փոխվեն, բայց բերվի այնպիսի ծրագիր, որը հնի շարունակությունն է լինելու: Կարող է և շատ չփոխվի, բայց բերվի այնպիսի ծրագիր, որն այս ճգնաժամը կարող է հաղթահարել: Սպասենք մինչև այս ամենն ավարտվի, նոր մենք մեր տեսակետը կարտահայտենք:
– ԱԺ նախագահի պաշտոնն այժմ թափուր է: Հիմնական թեկնածուն համարվում է Գալուստ Սահակյանը: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Բնականաբար, դա իրենց որոշելիքն է: Իրենց մեջից ինչ-որ մեկը պետք է առաջադրվի: Կնշանակեն` կտեսնենք:
Նաիրա Հովհաննիսյան