14.04-18.04.2014թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 350.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես համապատասխան բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի տարածքային ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի արդյունքում ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10մ ձկնորսական ցանց: Լոռու տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերվածփայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 477.5 հազար դրամ գումար:
ՀՀ բնապահպանության նախարարություն