Հայաստանի քաղաքականությունը՝ «ախպերության» կարգավիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերը հրաժարվելով կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, հասկանում են, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունները փոխվեն:

Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը հրաժարվում են «նստել» վերջին վագոնը:

-Պարո՛ն Կարապետյան, ի հակառակ շատերի սպասելիքներին` ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն հրաժարվեցին կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն հայտնվեց նման իրավիճակում:

-Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ շուտով իշխանությունները փոխվելու են, դա ընդհանուր բան է, դա միայն այստեղ չէ: Կար համակարգ, որը ոչ միայն այստեղ էր, այլև Մոսկվայում էր, ԱՊՀ մյուս երկրներում, և հիմա պարզ է, որ այդ համակարգը փոխվելու է:

Ուկրաինայի դեպքերն ու ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ համակարգը փոխվելու է: Ու պարզ է, որ ինչքան մարդ կա, որն ունակ է մտածելու, հասկանում է, որ եթե այդ համակարգը փոխվելու է, ապա փոխվելու է բավականաչափ հիմնովին, ու, հետևաբար, ինչ կարիք կա այդ համակարգում աշխատել: Իմ կարծիքով՝ այժմյան իրավիճակը մի գնացք է, որի վերջին վագոնը ուր նստեցիր` տանելու է, հիմա ոչ ոք չի ցանկանում այդ վագոնը նստել:

-Բայց, պարո՛ն Կարապետյան, այս օրերին առավել տարածված է այն տեսակետը, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը լուրջ պաշտոններ են պահանջել Սերժ Սարգսյանից և քանի որ չեն կարողացել այդ պաշտոնները «կիսել», դրա համար էլ նման որոշում են կայացրել:

– Ես քաղաքական բան ասացի ձեզ, բայց, իհարկե, ճիշտ եք. Հայաստանը մի քիչ այլ երկիր է, կլինի, նման բան էլ կլինի: Իսկ միգուցե նորանշանակ վարչապետի կերպարն է որոշների համար ոչ ընդունելի և այլն: Այսինքն՝ այս ամենի հետևանքը տարբեր բաներ կլինեն:

Բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ որպես քաղաքական ուժեր, 2017 թվականի ընտրությունների ժամանակ (եթե, իհարկե, այսպես գնա, որը քիչ հավանական է) բոլորը լինելու են խիստ ընդդիմադիր: Քանի որ Սերժ Սարգսյանն այլևս իրավունք չունի առաջադրվելու, կլինի խիստ ընդդիմադիր ընտրություն` թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական: Բոլորը շատ արագ դառնալու են ընդդիմադիր:

-Իսկ բոլոր քաղաքական ուժերի կողմից այսպես «լքված» Սերժ Սարգսյանն ի՞նչ պետք է անի: Ձեր կարծիքով՝ ո՞րը կլինի Ս. Սարգսյանի կողմից ամենաճիշտ որոշումը:

-Թե Սերժ Սարգսյանն ինչ պետք է անի, ոնց պետք է անի, ես դա ասել եմ տարիներ առաջ: Ես տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանն ամենադժբախտ քաղաքական գործիչն է` այն տեսակետից, որ ցիկլի վերջում է գալիս ու այդ բոլոր 3-ի (ՀՀ 3 նախագահների- Ս. Գ.) պատասխանը պետք է տա ինքը:

-Բայց ՀՀԿ-ականները հայտարարում են, որ քաղաքական մյուս ուժերի հետ կոալիցիա չկազմելով` իրենք առավել շահեկան վիճակում են, քանի որ այս դեպքում իրենք կհասկանան ո՞ր հարցում են մեղավոր, որտեղ են ճիշտ կամ սխալ, և իրենք էլ կկրեն ամեն ինչի պատասխանատվությունը` միայնակ:

-Ինչքան ես հասկանում եմ, այդպես չէ… դրա համար եմ ասում՝ Հայաստանը քաղաքագիտական առումով հետաքրքիր է, օրինակ՝ Պլատոնն այստեղ կլացեր: Աշխարհը գիտի կոալիցիոն կառավարություններ, գիտի տեխնիկական կառավարություններ, այսինքն՝ կա՛մ կուսակցությունները հավաքվում և կոալիցիա են կազմում, կա՛մ մի կուսակցությունը մշակում է տեխնիկական կառավարություն:

Կա նաև երրորդ տիպը, որը հատուկ է դիկտատուրային. երբ հաղթող կուսակցությունն ինքն էլ կազմում է կառավարությունը: Հիմա մեզ մոտ՝ Հայաստանում, ի՞նչ է ստացվում. մեզ մոտ կար կոալիցիոն կառավարություն, որը հիմա էլ կոալիցիոն չէ, տեխնիկական՝ տեխնիկական էլ չէ, որովհետև վարչապետը կուսակցական է: Եթե ստեղծվի իրավիճակ, որ մարդիկ պետք է դուրս գան կուսակցություններից և մտնեն այդտեղ ու չլինեն Հանրապետական կուսակցության անդամ, ուրեմն դա միակուսակցական էլ չէ: Այսինքն` Հայաստանում ախպերություն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 




Լրահոս