Վերաքննիչ դատարանը մերժեց Բուդաղյանների փաստաբանի բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը: Վերաքննիչ դատարանը որոշեց Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Հ. Ալումյանի բողոքների քննությունը կասեցնելու մասին որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր նրա բողոքների քննությունը մինչև քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին:

Հ. Ալումյանը առաջին ատյանի դատարան էր բողոքարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը. նախաքննական մարմինը գտել էր, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանում են անհարժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Հ. Ալումյանը բողոքարկել էր նաև որոշումը, համաձայն որի՝ 2013թ. հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է կատարել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր մահվան պատճառով: Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանի այս որոշումը սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան: 




Լրահոս