Հ. Վարդանյանն ընկալվում էր որպես ձեռնարկատիրության ռահվիրա. Հ. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը իր ցավակցական խոսքն է հղել գործարար Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ։

«Կյանքից հեռացավ Հրանտ Վարդանյանը…

Թեև մեր դժնդակ ժամանակաշրջանը հարուստ է ցավալի կորուստներով, բայց այս կորուստն իսկապես անդառնալի, անփոխարինելի է: Կյանքից հեռացավ եզակի անհատականություն, ով շատ շատերի՝ այդ թվում իմ գիտակցության մեջ ընկալվում էր որպես Հայաստանում քաղաքակիրթ, սոցիալական կողմնորոշումով ձեռնարկատիրության խիզախ ռահվիրա:

Հրանտ Վարդանյանն առաջինն էր, ով տնտեսության ավերակների վրա, համընդհանուր հուսահատության մթնոլորտում կարողացավ հայրենակիցների սրտերում արթնացնել ազգային արտադրության վերականգման և զարգացման հույսը, արդյունավետ քայլեր ձեռնարկեց շուկայական հարաբերությունների նոր պայմաններում հայրենական արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Հրանտը նորարար էր, իսկական հայրենասեր այդ բառի ամենաբարձր՝ անապական իմաստով: Ինքնահրկիզվողի կրքոտությամբ նետվում էր ամենաֆանտաստիկ մտահղացումների իրականացման հորձանուտ, գործնականում ապացուցելով, որ նույնիսկ շրջափակման և ղարաբաղյան կոնֆլիկտի չկարգավորվածության պայմաններում հնարավոր է զարգացնել արտահանմանը նպատակաուղված ազգային արդյունաբերությունը: Հակադրելով 90-ական թվականների բարեփոխիչների զուտ տեսական գիտելիքներին իր վիթխարի կենսափորձն ու հայրենասիրական նվիրումը, Հրանտը գործով ապացուցեց, որ հայրենաբնակ հայության ներկայիս և ապագա սերունդները դատապարտված չեն բավարարվելու ներմուծվող ապրանքների վաճառականների և արտասահմանյան հարուստ զբոսաշրջիկների սպասավորների դերով:

Իր ազգային էությամբ լինելով կոմպրադորական օլիգարխիայի հակոտնյան, Հրանտ Վարդանյանը ստիպված էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Նա էապես տարբերվում էր այն բիզնես-միջավայրից, որի շրջանակներում ստիպված էր գործել: Նա մերժում էր այդ միջավայրի գողական, գիշատչական, հանրային շահերը անտեսող խաղի կանոնները, սակայն ի վիճակի չէր միջավայրին պարտադրել իր համոզմունքներից բխող քաղաքակիրթ գործելակերպը: Դրա համար Հրանտը չուներ անհրաժեշտ քաղաքական հենարան: Տանջվում էր, իրեն պատեպատ էր խփում, ձգտելով ճեղքել երկաթբետոնյա պատնեշները. փորձեց համագործակցել դաշնակցության հետ, մի ժամանակ էլ՝ ձգտում էր ստեղծել նոր կուսակցություն, հորդորում էր ինձ վերադառնալ Ազգային ժողով՝ հայրենական արտադրողների պաշտպանության հարցը խորհրդարանում դարձնելով առանցքային: Տառապում, այրվում էր, որպես վիթխարի կենսափորձ կուտակած, արտադրության կազմակերպչի մեծագույն տաղանդով օժտված, ազգային տնտեսության զարգացման դեղատոմսերին տիրապետող հայազգի հայրենասեր, ով, սակայն, չուներ սեփական գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ քաղաքական ազդեցություն:

Հրանտ Վարդանյանի կյանքը՝ նրա սիրտը այրած ազգանվեր ուղի էր: Լիովին կիսում եմ իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանի տեսակետն առ այն, որ երկրի իշխանությունների սրբազան պարտքն է արժանավոր հայորդուն ամենաբարձր մակարդակով մատուցել վերջին երկրային պատիվները»:




Լրահոս